Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է

Ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

Չալաբյանի փաստաբանները երեկ ուսանողներին փողով ընդդիմադիրների ցույցերին տանելու փորձի գործով կայացած առաջին դատական նիստին լքել էին նիստերի դահլիճը, ինչի պատճառով դատական նիստը պետք է շարունակվեր այսօր։ Բայց քանի որ Արմավիրի բանտում պահվող Չալաբյանին դատարան չէին բերել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց այն՝ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկի նամակը։ Ըստ այդմ, 49-ամյա մեղադրյալը դատարան չէր ներկայացվել առողջական խնդրի, մասնավորապես զարկերակային բարձր ճնշման պատճառով։

Այսօրվա դատական նիստին դատավորը նաև հայտարարեց, որ Չալաբյանի համար պատրաստվում է հանրային պաշտպան ներգրավել՝ նկատի ունենալով այն, որ երեկվա նիստին նրա փաստաբանները լքել էին դատական նիստերի դահլիճը։ Սակայն դեռ երեկ Չալաբյանը դատարանում հայտարարել էր, որ հանրային պաշտպանի կարիք չունի։