«Փյունիկ»-ը Լյուքսեմբուրգից հաղթանակով վերադարձավ հայրենիք

Հայաստան - Երկրպագուները դիմավորում են «Փյունիկ»-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, 27-ը հուլիսի, 2022թ.

Ոգևորող կոչեր, շնորհավորանքներ, երգ, թմբուկ... Ֆուտբոլի երկրպագուներն այսօր ուրախ տրամադրություն էին բերել «Զվարթնոց» օդանավակայան։ Դիմավորում էին հաղթանակով Լյուքսեմբուրգից հայրենիք վերադարձող Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ին, որն այս գիշեր 4։1 հաշվով հաղթել է «Դյուդելանժ»-ին։

Սա պատմական իրադարձություն է հայկական ֆուտբոլում։ «Փյունիկ»-ը դարձավ նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որը դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման երրորդ փուլ։ Օրեր առաջ սեփական հարկի տակ թիմը պարտվել էր «Դյուդելանժ»-ին՝ 0:1 հաշվով։ Երեկվա պատասխան խաղում առաջին գոլի հեղինակը դարձյալ դարձան Լյուքսեմբուրգի թիմի ֆուտբոլիստները, սակայն 4 րոպե անց Ժունինյոյի գլխով հարվածից հետո «Փյունիկ»-ը հավասարեցրեց հաշիվը։ Հայկական թիմի կազմում երկու գոլ խփեց Յուրիչիչը, մեկական՝ Ժունինյոն և Օտուբանջոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փյունիկը» 4:1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին», դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ

«Մի քայլ առաջ, բայց ոչ շատ մեծ հաջողություն»,- գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը համեստ գնահատական է տալիս իր թիմի հաղթանակին՝ լուրջ հաջողությունները դեռ առջևում են, ապացուցելու բան դեռ ունեն։

Թիմին շնորհավորելուց առաջ էլ տղաների առջև սիրտն էր բացել։ «Խաղից հետո, եթե ճիշտն ասեմ, հավաքեցի դաշտում ու ներողություն խնդրեցի իմ էմոցիաների [համար], որովհետև ես շատ չոր էի իրենց հետ էդ խաղին, պահանջկոտ էի շատ, ես ասել էի խաղից առաջ, որ մենք իրավունք չունենք հետ գնանք պարտությունով»,- պատմեց մարզիչը:

Երևանյան պարտությունից շատ էին տխրել, բայց չէին կոտրվել, Մելիքյանն ասում է՝ հակառակը, ավելի մեծ պատասխանատվությամբ գնացին այս խաղին. - «Մեր երկրպագուները որ գլուխները կախ գնացին, ես շատ էի ազդվել ու տրամադրված էի, որ ժողովուրդը, ով մեզանից տխուր գնացին, պիտի ետ վերադառնան, մենք իրենց հետ պիտի բերենք»:

Երկրպագուները դիմավորում են «Փյունիկ»-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, 27-ը հուլիսի, 2022թ.

«Փյունիկ»-ի ոգևորված երկրպագուներն էլ գոռում-գոչյունների արանքում հասցրեցին իրենց նվիրվածությունը խոստովանել ֆուտբոլիստներին:

«Ուժեղ հաղթանակ էր, մենք նենց թիմ ենք, որ ունենք խարակտեր, ու խարակտերը ամբողջ պրոբլեմները վերցնում ա իր վրա, ու ըստ դրա մեր հաղթանակը տեղի ունեցավ», - ասաց նրանցից մեկը:

«Ոնց ասաց Եղիշե Մելիքյանը, անցած խաղին ինքը եղել է տրիբունաներում և մեր հետ, մեր ֆաների հետ էր նայում, իսկ հետո ասեց, որ մենք պետք ա ուրախացնենք մեր ֆաներին, մենք իսկապես ուրախացել ենք», - ասաց մյուսը:

Ֆուտբոլիստներն ու մյուս մարզիչներն էլ են գոհ խաղից, ասելու շատ բան հիմա չունեն, պիտի հանգստանան, ուժերը հավաքեն։ Հաջորդ խաղը մի քանի օրից է։

Մեկնարկային կազմում հայտագրված Հովհաննես Հարությունյանն ասում է՝ պարտության տարբերակ չկար։ Հիշում է՝ ինչպես էին հուզվել մարզիչը, երկրպագուները երևանյան խաղից հետո։ «Մենք գնում էինք այնտեղ հենց հաղթելու նպատակով, հենց էդ թիմային ոգին, մեր հավատը մեր ուժերի նկատմամբ օգնեց, որպեսզի կարողանանք հաղթել», - ասաց ֆուտբոլիստը:

Եռակի նվաճում

Սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը սա եռակի նվաճում է համարում։ Ասում է՝ այս խաղով «Փյունիկ»-ն արդեն իսկ ապահովեց իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Եթե անգամ պարտվի Չեմպիոնների լիգայի որակավորման հերթական փուլում, միևնույն է՝ խաղալու է Եվրոպայի լիգայի փլեյօֆում, այստեղ հաղթելու դեպքում արդեն կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

«Սա ստացվում է առաջին անգամը, երբ որ մենք հասել ենք էդ ամենակարևոր մրցաշարի երրորդ որակավորման փուլ: Դա ինչ է նշանակում՝ դա ոչ պատիվ է, ոչ բան է, դեռևս սա որակավորման փուլ է, դեռևս այստեղ կան լիքը միջակ եվրոպական ակումբներ, բայց և կան արդեն իսկական գրանդ ակումբներ: Արդեն, օրինակ, մեր հետ՝ նույն փուլում, մեկ այլ զույգ է կազմել, օրինակ, Ֆրանսիայի «Մոնակո»-ն, իսկ Ֆրանսիան եվրոպական, ասենք, չորրորդ առաջնությունն է, «Մոնակո»-ն էլ ակումբ է, որը տարիներ առաջ խաղացել է նույն Չեմպիոնների լիգայի եզրափակչում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ շարունակելով. - «Դե իհարկե, այստեղ նաև կարևոր է Եղիշե Մելիքյանի գործոնը, որը որ հայ մարզիչ, մեր հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ, ով ստանձնում է շատ բարդ շրջանում մի ակումբ, որն ունի լիքը պրոբլեմ, ու դարձնում է շատ թեժ պայքարում չեմպիոն, հիմա արդեն պատմություն է կերտել»:

Սպորտային մեկնաբանն ընդգծում է նաև ֆինանսական կողմը. տեղական ակումբները քիչ ֆինանսական աջակցություն ունեն, և նրանց գոյությունն առհասարակ վտանգված է, իսկ հիմա՝ «Փյունիկ»-ը նաև դրամական աջակցություն կստանա։

«Փյունիկ»-ը երրորդ փուլում կմրցի Սերբիայի «Ցրվենա Զվեզդա»-ի հետ։ Առաջին խաղն արդեն մի քանի օրից՝ օգոստոսի 3-ին է, հետո արդեն` օգոստոսի 9-ին սեփական դաշտում կընդունեն սերբական ակումբին։

«Շատ դժվար խաղ է, շատ լուրջ հակառակորդ է, մեր համար շատ դժվար է լինելու: Պիտի լուրջ պատրաստվենք», - ասաց Եղիշե Մելիքյանը:

Ի դեպ, մրցակից թիմն արդեն Թվիթերում հայերեն գրառում է արել՝ «Կհանդիպենք շուտով»։