Հայաստանը Ռուսաստանից թեստային համակարգ է ստացել կապիկի ծաղիկն ախտորոշելու համար

Հայաստանը Ռուսաստանից ստացել է երկու թեստային համակարգ, որը թույլ է տալիս 200 թեստ իրականացնել՝ կապիկի ծաղիկն ու ջրծաղիկը հայտնաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունից ՏԱՍՍ-ին նաև ասել են, որ թեստային համակարգերից մեկն արդեն կիրառվել է, վարակման դեպքեր չեն հայտնաբերվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը հանրային առողջության արտակարգ իրավիճակ է հայտարարել

Ըստ Հայաստան առողջապահության նախարարության, հուլիսի 25-ի դրությամբ, աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17 հազար դեպք, այդ թվում՝ 5 մահվան։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է Կապիկի ծաղիկը