Թավրիզը՝ վեճի առարկա Ադրբեջանում Իրանի ու Իսրայելի դեսպանների միջև

Իրան, Թավրիզ, արխիվ

Ադրբեջանում Իրանի և Իսրայելի դեսպանները սոցցանցերում լեզվակռվի մեջ են մտել Թավրիզի պատճառով, որն իսրայելցի դեսպանը որպես ադրբեջանական պատմական ու մշակութային քաղաք է ներկայացրել, ինչը, բնականաբար, իրանցի դեսպանին դուր չի եկել։

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Ադրեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը Թվիթերում գրել է, որ Թավրիզի մասին գիրք է նվեր ստացել, ու նշել է. - «Ես շատ բան իմացա Թավրիզում Ադրբեջանի պատմության և մշակույթի մասին մի հրաշալի գրքից, որն ինձ վերջերս նվիրել են»։

Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին զայրացած պատասխանել է նրա գրառմանը. - «Ի գիտություն այդ արկածախնդիր տղայի՝ Իրանի մեր սիրելի Թավրիզը հայտնի է որպես Իրանի հպարտ պատմության առաջինների հողը։ Դատելով ամեն ինչից՝ այդ առաջին չար սիոնիստին թաղելու է Թավրիզի նախանձախնդիր ժողովուրդը։ Երբեք մի հատեք մեր կարմիր գծերը»:

Ադրբեջանցիները սոցցանցերում աջակցում են Իսրայելի դեսպանին, գովազդում նրա նշած գիրքը, կոչ անում գնել այն։

Ըստ «Թուրան» գործակալության՝ երեկ հայտնի է դարձել, որ Իրանի դեսպանը մեկնել է Թեհրան և հանդիպել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Դեսպանին հանձնարարվել է հետագայում ևա ամրապանդել կապերն Ադրբեջանի հետ։

Իրանական Tehran Times-ը, անդրադառնելով Թավրիզի համար Իրանի ու Իսրայելի դեսպանների «թվիթերյան պատերազմին», գրել է, որ անցած տարի Իրանն ու Ադրբեջանը մի շարք լուրջ մարտահրավերներ հաղթահարեցին, որոնք առաջացել էին մամուլի շահարկումների պատճառով։ Այդ շահարկումները թյուրըմբռնումներ էին առաջացրել Թեհրանի և Բաքվի պաշտոնյաների միջև։ Հիմա, երբ թյուրիմացություններն ավարտվել են, երկու մայրաքաղաքներն ավելի ամուր հարաբերություններ ունեն։ Այնուհանդերձ, իսրայելցիներին դժվար է մարսել այդ իրողությունը, և նրանք փորձում են ուժեղացնել անջատողական ադրբեջանցիների փոքրաթիվ ձայները երկու երկրներում, գրել է Tehran Times-ը՝ հավելելով. - «Ավելորդ է ասել, որ այդ ջանքերն ապարդյուն են»։

Ադրբեջանական աղբյուրների գնահատմամբ՝ Իրանում մոտավորապես 30 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ են ապրում:

Թավրիզը գտնվում է Նախիջևանից հարավ՝ մոտավորապես 140 կիլոմետրի վրա։