Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը անցած շաբաթ այցելեց Երևան, ապա մեկնեց Բաքու և այնտեղ ստորագրեց փաստաթուղթ Ադրբեջանի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների սերտ համագործակցության մասին։ Արդյոք սա սպառնալիք չէ՞ Հայաստանի ազգային անվտանգությանը. նաև այս հարցի շուրջ էր քննարկումը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 24-ի թողարկման հյուրերի՝ քաղաքական վերլուծաբաններ Բենիամին Պողոսյանի և Հայկ Սուքիասյանի հետ։
«Ընդհանրապես Ռուսաստանը քանի՞ անգամ պետք է Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ գործակցի, քանի՞ անգամ պիտի սպանդ սարքեն, որ հայ ժողովուրդը խելքը գլուխը հավաքի», - նշեց Հայկ Սուքիասյանը՝ շարունակելով. - «Օրինակ, Շոյգուն հայտարարեց, որ Թուրքիայի հետ լավագույն օպերացիա են իրականացրել Արցախի հարցով, Պուտինը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք՝ մտել են ՀԱՊԿ-ի տարածք, Ռուսաստանը ասում է՝ «ոնց որ տարածքը դելիմիտացված չի, ՀԱՊԿ-ի տարածքը տեղը չգիտեմ, որ գամ ձեզ օգնեմ», քանի՞ անգամ պետք է լինի, էլի։ Հետևապես՝ դա հերթական ապացույցն է հանրության համար այն բանի, որ Ռուսաստանը որոշել է, որ մեզ դաշնակից չի լինելու։ Էդպիսի պայմանագրեր, փաստաթղթեր 40 անգամ նորից էլի կնքելու են»։
Այդ պատճառով, ըստ վերլուծաբանի, «մենք լուծումներ պետք է որոնենք, և այդ լուծումներից մեկը հակահետախուզություն ունենալն է»։ «ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի հետախուզական ծառայություններն աշխարհն են վերահսկում։ Մենք աշխարհը վերահսկելու խնդիր չունենք՝ մեր հակահետախուզությունը պետք է տարածաշրջանի համար, մեզ համար, և մենք ունենք այդ պոտենցիալը՝ դա անելու։ Եթե չունենք, մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պետք է որոշում կայացնենք՝ մենք ապրելո՞ւ ենք այս տարածաշրջանում, թե՞՝ ոչ։ Հետևապես՝ այստեղ ռեսուրս չպետք է խնայվի», - ընդգծեց Հայկ Սուքիասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանի ու Ադրբեջանի հետախուզությունները կհամագործակցեն՝ պաշտպանելու երկու երկրների տարածքային ամբողջականությունը Երևանում Նարիշկինը խոստացավ պաշտպանել ՀայաստանըԸստ Բենիամին Պողոսյանի՝ վտանգը, որ Ռուսաստանը կպահանջի Հայաստանից տեղեկույթ, որը հետո կփոխանցի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա կօգտագործի Հայաստանի դեմ, «կա միշտ», և նա չի կարծում, որ «ֆորմալ ինչ-որ համաձայնագիր ստորագրելով վտանգը ավելացավ կամ փոքրացավ»։
«Բացի այդ, չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանում այնքան ներկայություն ունի, որ առանց որևէ մեկից որևէ բան պահանջելու էլ, ինձ թվում է, ինքը բավականաչափ տեղեկություններ կարող է ստանալ, հետևաբար՝ ցանկության դեպքում, այո, կարող է փոխանցել նաև Ադրբեջանին», - նշեց քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով. - «Եվ նույնը, ի դեպ, վերաբերում է ցանկացած այլ հատուկ ծառայության. այստեղ ցանկացած հատուկ ծառայություն որ գործում է հետախուզական, ինձ թվում է, մենք հասկանում ենք, որ այստեղ միայն ռուսները չկան՝ այստեղ կան ամերիկացիները, այստեղ կան բրիտանացիները, չեմ բացառում նաև, որ թուրքերը, և հասկանալի է՝ ոչ մի երաշխիք չկա, որ նույն բրիտանացիների ստացած տեղեկույթը չի փոխանցվի Թուրքիային, Թուրքիայից չի գնա Ադրբեջան, կամ ամերիկացիներից չի գնա Թուրքիային, և այլն»։
«Հետևաբար՝ այստեղ այնպիսի իրավիճակ է, որ ոչինչ բացառել չենք կարող։ Եվ այս առումով, այդ պայմանագիրը, չեմ կարծում, որ էական կամ որակական փոփոխություն է բերում։ Ցանկացած պարագայում՝ Հայաստանում այլ պետությունների հատուկ ծառայության ներկայացուցիչները ստանում են տեղեկույթ, որը, իհարկե, իրենք ազատ են տնօրինելու այնպես, ինչպես ցանկանում են, այդ թվում՝ փոխանցելով մեզ ոչ-բարեկամ պետություններին՝ այսպես ասենք, նկատի ունեմ՝ Ադրբեջանին և Թուրքիային», - նշեց Պողոսյանը։
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.