ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի երևանյան այցից օրեր անց Հայաստան է ժամանել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նրան այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Նարիշկինին Երևանում ընդունել է միայն վարչապետ Փաշինյանը։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական կայքէջը դեռ լռում է Նարիշկինի այցի մասին։ Ռուսական մամուլը սահմանափակվել է հայաստանյան պաշտոնական տեղեկատվությամբ, սակայն թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում ուշադրություն են հրավիրում, որ արտերկիր հազվադեպ մեկնող Սերգեյ Նարիշկինի հայաստանյան այցը կայացավ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցից գրեթե անմիջապես հետո։
Բըրնսին ուրբաթ օրը ընդունցին վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դարձյալ՝ հայաստանյան պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ոլորտում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր և երկկողմ օրակարգը։
Ամերիկյան կողմը տակավին լռում է Ուիլյամ Բըրնսի երևանյան այցի մասին։
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունից արձագանքել են, թե չեն մեկնաբանում իրենց տնօրենի օրակարգը։
Հայաստանյան մամուլում ու փորձագիտական հանրույթում տարբեր կարծիքներ հնչեցին Բըրնսի երևանյան այցի մասին, թե նա Հայաստանում էր ռուսական կողմի հետ փակ հանդիպման նպատակով, կամ այցը տարածաշրջանային էր, սակայն հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հայաստանյան այցը հրապարակային է դարձել։
Ամեն դեպքում, գլխավոր հարցը անպատասխան է մնում՝ Արևմուտք-Ռուսաստան՝ նախորդ տասնամյակների կտրվածքով աննախադեպ հակամարտության ֆոնին՝ երկու գերտերությունների հետախուզական ծառայությունների ղեկավարները միմյանց հաջորդելով ինչո՞ւ շտապեցին Երևան, և արդյո՞ք Հայաստանի ղեկավարության հետ տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկումն էր նրանց այցի իրական նպատակը։