«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը միանգամայն անհնար է՝ դա կնշանակի սպիտակ դրոշ բարձրացնել։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը, պնդելով՝ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ իր կախվածությունը ռուսական գազից մեծանա։
Անցած օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր գործարկել «Հյուսիսային հոսք 2»-ը, ինչը, Կրեմլի ղեկավարի համոզմամբ, կնպաստի Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի լուծմանը։
Գերմանիայի փոխկանցլերի խոսքով՝ Բեռլինը «Հյուսիսային հոսք 1»-ի աշխատանքի վերսկսումը հուսալի չի համարում, քանի որ, ինչպես շեշտել է Հաբեկը, Պուտինը բազմիցս օգտագործել է գազի մատակարարումները որպես գործիք, ուստի պետք է այլընտրանք գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին։
Նախօրեին ռուսական «Գազպրոմ»-ը վերսկսել է «Հյուսիսային հոսք» գազատարով Գերմանիա գազի մատակարարումները, որոնք դադարեցվել էին հուլիսի 11-ին՝ տեխնիկական սպասարկման ամենամյա աշխատանքների պատճառով։ Եվրամիությունում մտավախություն ունեին, որ Մոսկվան չի վերսկսի մատակարարումները՝ որպես պայման պահանջելով չեղարկել պատժամիջոցները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն այսօր վերսկսեց Եվրոպայի գազամատակարարումը