Ռուսաստանը ոչ-բարեկամական երկրների ցանկում ավելացրեց ևս 5 ԵՄ պետություն

Ռուսաստանի կառավարությունը ոչ-բարեկամական երկրներին ցանկում ավելացրել է Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան՝ ցանկում ընդգրկված երկրների թիվը հասցնելով 48-ի։

Կառավարության նոր որոշումը հինգ երկրների համար սահմանափակում է Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատողներ ընդունելու հնարավորությունը։ Փաստաթղթի համաձայն՝ Սլովենիան և Խորվաթիան չեն կարողանա իրենց դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում աշխատողներ ընդունել Ռուսաստանից։ Հունաստանին թույլատրվել է աշխատանքային պայմանագրեր կնքել 34 աշխատակցի հետ, Դանիային՝ 20, Սլովակիային՝ 16։

Մարտի 5-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ոչ-բարեկամական երկրների և տարածքների ցուցակը։ Այժմ ցանկում ներառված են Եվրամիության անդամ պետությունները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան։ Ապրիլի 1-ից նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ այդ ցանկում ընդգրկված երկրները պարտավոր են ռուսաստանյան գազի դիմաց վճարել ռուբլով։ Եվրոպական մի մի շարք պետություններ հրաժարվել են կատարել Կրեմլի այդ պահանջը՝ մասնավորապես Բուլղարիան, Դանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ֆինլանդիան։ Ի պատասխան՝ «Գազպրոմ»-ը դադարեցրել է մատակարարումները այդ երկրներ։