Ավելի քան 3 մլրդ դրամ՝ Քոչարյանի որդու և Մայրապետյանի ՍՊԸ-ից ոստիկանության մեքենաներ գնելու համար

Հայաստանի 4 մարզում Ոստիկանության պարեկային ծառայություններ ստեղծելու համար կառավարությունն այսօր 3 միլիարդ 107 միլիոն դրամ հատկացրեց՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 175 մեքենա գնելու համար, գնման ընթացակարգը՝ մեկ անձից է, առանց մրցույթի։

Նիկոլ Փաշինյան

«Զգայուն ձևակերպումներ, զգայուն վերնագրեր, նաև նախապատմություն.... Կարևոր համարեցի թափանցիկության սկզբունքների շրջանակում մենք զեկուցենք ու մանրամասն ներկայացնենք՝ ինչի մասին է խոսքը: Ընդորում՝ ոստիկանության բարեփոխումների խորհրդում էլ քննարկել ենք նաև այդ հարցը, թե ինչո՞ւ ենք մենք էս պարամետրի մեքենա ընտրում և ոչ թե մեկ ուրիշ պարամետրի մեքենա ընտրում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանությունն այս մեքենաները ձեռք է բերում գնում անելով մեկ անձից, ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասում է՝ մրցույթ հայտարարել էին հունիսին, ոչ ոք չդիմեց, ապա իրենք հարցումներ արեցին հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան ներկայացուցիչներին, պարզեցին՝ միայն «Տոյոտան» կարող է մատակարարել պահանջված չափանիշների գոնե մեծ մասին համապատասխանող մեքենաներ։

Վահե Ղազարյան

«Մյուսները հրաժարվել են: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Տոյոտա» մակնիշի 45 միավոր մեխանիկական փոխանցման տուփով՝ 15 միլիոն 900 հազար դրամով և 130 միավոր ավտոմատ փոխանցման տուփով ավտոտրանսպորտային միջոց՝ 18 միլիոն 400 հազար դրամ գնման գումարով», - ներկայացրեց ոստիկանապետը:

Ոստիկանությանը մեքենաներ վաճառող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն գրանցված է 2006 թվականից, ըստ Պետռեգսիտրի տվյալների, այն պատկանում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին և այժմ ընդդիմադիր Քոչարյանի մտերիմ համարվող, հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին։

«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին։

Մինչ այդ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս ընկերությունը չէր դիմել ոստիկանության մրցույթին, և ի վերջո՝ գնումն արվում է մեկ անձից ընթացկարգով։

Դանիել Իոաննիսյան

«Իրենք չէին կարող էս «Տոյոտաներով» մասնակցել մրցույթին, որովհետև էս «Տոյոտաների» մի մասը մեխանիկական փոխանցման տուփով էին, 175 հատ ավտոմատ փոխանցման տուփով չկա, երկրորդը, մրցույթը նույնիսկ մի մասը ենթադրում էր, որ մեքենաների մի մասը պետք է լինեն «Սեդաններ»: Երրորդը՝ այդ մեքենաների արագացումը դանդաղ է, եթե ես ճիշտ եմ հիշում, 13 վայրկյան է, այնինչ տեխառաջադրանքով կարծեմ 11 կամ 12 վայրկյան էր առավելագույն ժամանակը՝ 100 կմ/ժ արագություն բացելու», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ է: Ըստ Իոաննիսյանի պատմածի՝ ստացվում է, որ ոստիկանությունը կոմպրոմիսի է գնացել «Տոյոտա Երևանի» հետ, համաձայնվել են ձեռք բերել այս պահին հասանելի, բայց ոչ ամբողջովին ոստիկանության պահանջներին համապատասխանող մեքենաներ։

Փաշինյանի խոսքով՝ կար երկու տարբերակ՝ ձեռք բերել այն ինչ հասանելի էր, կամ հետաձգել Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի ու Կոտայքի մարզերում նոր պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկը։

«Մեր քաղաքական որոշումն է, որ մենք չենք կարող պրոցեսը կանգնեցնել: Էս դեպքում արդեն նաև ժամանակ չկորցնելու համար ուղիղ գնում ենք անում, որովհետև պոտենցիալ բոլոր մասնակիցները արձանագրել են, ընդ ուրեմն, դա նաև պաշտոնապես է արձանագրվել, որ իրենք չեն կարողանալու այդ հարցը լուծել», - նշեց վարչապետ:

Վարուժան Հոկտանյան

Կառավարությանը մեկ անձից գնումներ կատարելու համար հաճախ քննադատող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանն ասում է՝ հնարավոր է, որ Հայաստանի նման երկրում իսկապես բարդ է մրցույթով գնել միանգամից 175 մեքենա։ Այստեղ այլ խնդիր է ի հայտ գալիս՝ Հայաստանի տնտեսության մոնոպոլ կառուցվածքը։

«Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ շատ բաներ ստիպված պետք է մեկ անձով արվի», - նշեց նա:

Հոկտանյանն ասում է՝ հեղափոխության հարթակներից տրված խոստումներից մեկն էլ Հայաստանի տնտեսական կառուցվածքում փոփոխություններ կատարելն էր, մի խոստում, որի իրագործումը դեռ տեսանելի չէ։