Անկարան Երևանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ Անկարան Երևանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունները նորմալացնելու համար։

«Մենք ցանկանում ենք գործնականում տեսնել, թե որքանով է անկեղծ Հայաստանը։ Առայժմ կան մեսիջներ, կան պարզաբանումներ։ Կան նաև ճնշումներ, դա ճշմարտություն է։ Սփյուռքը դրսից, մոլեռանդ խմբերը ներսից։ Բայց երբ գալիս ենք կոնկրետ քայլերին՝ մենք դեռ չենք տեսել այդ կոնկրետ քայլերը Հայաստանի կողմից»,- ասել է Չավուշօղլուն, հավելելով, թե «քայլերը, որ կարվեն տարածաշրջանում համապատասխանում են բոլորի շահերին»։

Երևանը և Անկարան անցած դեկտեմբերին հատուկ բանագնացներ նշանակեցին երկու երկրների հարաբերությունները նորմալացելու համար։ Մինչ հիմա նրանք չորս հանդիպում են ունեցել։ Այս ընթացքում երկու երկրների միջև վերաբացվել են օդային թռիչքները։ Բանագնացների վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։