Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնությունները՝ կարծիք հայտնելով, որ կապույտ վառելիքի մատակարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։
Բրիտանական The Guardian-ը, հղում անելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը, գրել է, որ ԵՄ-ը չպետք է ոչ հուշագիր, ոչ էլ նոր երկկողմ համաձայնագիր կնքեր Ադրբեջանի հետ՝ առանց քաղաքական բարեփոխումների պահանջ ներկայացնելու։ Հեղինակավոր կազմակերպությունը մասնավորապես ընդգծել է, որ ԵՄ-ը Բաքվից պետք է պահանջեր ազատ արձակել բազմաթիվ քաղբանտարկյալներին, փոխել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների խիստ սահմանափակումների վերաբերյալ օրենքները։
Շաբաթվա սկզբին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ փաստացի ընդգծելով, որ սա այլընտրանք կլինի ռուսական գազին։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այս հուշագիրն է՛լ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԵրկկողմ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է 12 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ նվազեցնելով կախումը ռուսականից և զգալիորեն ապահովելով մատակարարումների անվտանգությունը:
2021 թվականին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027 թվականը Ադրբեջանից «Հարավային գազային միջանցքով» տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն։
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ֆիլիպ Դամը, The Guardian-ի փոխանցմամբ, վստահ է՝ «Ադրբեջանը նավթն ու գազն օգտագործում է ԵՄ-ին հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար»։ «Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելով, հատկապես երբ խոսքը նավթի և գազի մասին է», - ասել է Դամը:
Ըստ Human Rights Watch-ի՝ մարտին բանտից ազատ են արձակվել ադրբեջանական ընդդիմության մոտ 40 առաջնորդներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ, սակայն տասնյակ մարդկանց դեռ շարունակում են ապօրինաբար անազատության մեջ պահել։ Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է նաև, որ բազմաթիվ են խոշտանգումների և բռնությունների դեպքերն անազատության մեջ:
The Guardian-ը միևնույն ժամանակ զուգահեռներ է անցկացնում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել է «կարևոր» և «հուսալի» մատակարար, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ «ԵՄ-ը չպետք է ասի, որ երկիրը վստահելի է, երբ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը և ջախջախում քաղաքական այլախոհությունը»:
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերն էլ երեկ իր հերթին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը Բաքու վկայում է Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների կարևորության մասին։ Այդուհանդերձ, դա չէր զսպել Ալիևին՝ իր դժգոհությունը հայտնելու, իր ձևակերպմամբ, Եվրախորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ. ԱլիևԵվրամիության և Ադրբեջանի գազային գործարքի մասին իր տարակուսանքն է հայտնել նաև Amnesty International-ի բրյուսելյան գրասենյակի տնօրեն Իվ Գեդին։ The Guardian-ը մեջբերել է կազմակերպության տնօրենի խոսքերը. - «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ հիշեցում է այն մասին, որ ռեպրեսիվ և ոչ հաշվետու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկեր լինում, և որ կարճաժամկետ նպատակները նախընտրելը վնաս է մարդու իրավունքներին, դա աղետի դեղատոմսն է»։