Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և փաստացի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Դա Պուտինի երկրորդ արտասահմանյան այցն է փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո:
Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Պուտինն ընդգծել է Արևմուտքի գործադրած ճնշումների պայմաններում սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը:
Եռակողմ քննարկումներից զատ, Պուտինն Իրանի նախագահ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անցկացրած առանձնազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանային թեմաներ, այդ թվում` ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական կարգավորումը, Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամը:
Պուտինի իրանյան այցից օրեր առաջ Իսրայել և Սաուդյան Արաբիա է այցելել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
Վաշինգտոնի վերլուծաբանները Պուտինի այցը դիտում են որպես լուրջ ուղերձ Արևմուտքին առ այն, որ ուկրաինական պատերազմի կապակցությամբ խիստ պատժամիջոցների ենթարկված Մոսկվան ցանկանում է սերտ ռազմավարական կապեր հաստատել Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: