Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար, նախկին արտգործնախարար Քամալ Խարազին Al-Jazeera արաբական հեռուստակայանին նախօրեին տված հարցազրույցում ասել է, թե իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն նման որոշում դեռ չի ընդունել:
Դա ատոմային ռումբի վերաբերյալ Իրանի ավանդական ժխտողական դիրքորոշման որոշակի փոփոխություն է: Թեհրանը մշտապես պնդել է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում: Իսլամական երկրի ղեկավարներն աշխարհին հավաստիացրել են, որ միջուկային զենքի տիրանալու մտադրություն չունեն:
Խարազին նոր երանգ է հաղորդել այդ մոտեցմանը: Հուլիսի 17-ին նա ասել է, որ եթե Իրանի մասնագետները կարողացել են ընդամենը մի քանի օրում ուրանի հարստացման աստիճանը հասցնել 60 տոկոսի, ապա առանց դժվարությունների կկարողանան այն նաև 90 տոկոսի հասցնել:
Այդ աստիճանի զտված ուրանն անվանում են «մարտական»: Դրա մոտ 70 կիլոգրամի պայթյունի հետևանքով 1945 թվականի օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոշիման մի քանի վայրկյանում ավերակների է վերածվել:
Մինչդեռ, քիմիական բարդ գործընթացների և ճառագայթման արդյունքում ուրանից կարելի է ստանալ նույնքան պլուտոնիում: 70 կիլոգրամ պլուտոնիումից հնարավոր է ստեղծել առնվազն 10 միջուկային ռումբ՝ յուրաքանչյուրը 20 կիլոտոննա հզորությամբ:
Իրանը միջուկային կենտրոններում գազային ցենտրիֆուգներով 60 տոկոսի հարստացված ուրան է արտադրում: Դա ավելի քան 16 անգամ գերազանցում է 2015 թվականի միջազգային պայմանագրով համաձայնեցված շեմը:
Իրանն այդ պայմանագրով պարտավորվել է արտադրել առավելագույնը 3.67 տոկոսի հարստացված ուրան, ինչը բավական է խաղաղ հետազոտություններ անցկացնելու համար:
2018 թվականին Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի վճռով դուրս է եկել միջազգային պայմանագրից, ինչին ի պատասխան Իրանը ոչ միայն վերականգնել, այլև ավելացրել է հարստացված ուրանի արտադրության ծավալը և մաքրության աստիճանը:
Քամալ Խարազին ասել է, թե իր երկիրը տեխնիկապես պատրաստ է ռումբ ստեղծել, բայց օրակարգում նման խնդիր դեռ չկա:
Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ով օրերս Իսրայել և Սաուդյան Արաբիա կատարած այցերի ընթացում վստահեցրել է, թե Վաշինգտոնն ամեն ինչ կանի միջուկային զենք ձեռք բերելու Թեհրանի փորձերը կանխելու համար:
Բայդենի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները պատրաստ է ծայրահեղ դեպքում նաև զենքի ուժով դա ապահովել:
Խարազին հայտարարել է, թե «հարձակման ենթարկվելու պարագայում Իրանը կոշտ պատասխան կտա, և այն անպայման հասցեագրված կլինի նաև Իսրայելին»: