Մոսկվան հաստատում է` Ղարաբաղում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը Ուկրաինայում է

Գեներալ Ռուստամ Մուրադովը Հայաստանի պաշտպանության նախարարությունում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովն այժմ գտնվում է Ուկրաինայում՝ ղեկավարելով այստեղ կռվող երեք խմբավորումներից մեկը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ «Արևելք» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամանատարական կետում զեկուցել է ընթացիկ իրավիճակի և [խմբավորման] պատասխանատվության գոտում հակառակորդի ջախջախմանն ուղղված մարտական առաջադրանքների կատարման մասին»։

«Այն մասին, որ «Արևելք» խմբավորման հրամանատարը Ռուստամ Մուրադովն է, նախկինում չէր հաղորդվում», - հիշեցնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Մուրադովը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունն իրականացնում էր շուրջ 10 ամիս՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021-ի սեպտեմբերի 9-ը։