Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է Ուկրաինայի պատերազմի պատճառով ռուսական շուկան լքած արտասահմանյան ընկերություններին հրավիրել երկիր:
«Արտասահմանյան 1400 խոշոր ընկերություններից յուրաքանչյուր երկրորդը դադարեցրել է գործունեությունը կամ ամբողջությամբ լքել ռուսական շուկան: Կառավարությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի նրանց Ղազախստան տեղափոխելու համար», - Տոկաևի հայտարարությունն են մեջբերում ղազախական լրատվամիջոցները։
Արևմտյան աղբյուրների համաձայն՝ ավելի քան 200 խոշոր ընկերություններ լքել են Ռուսաստանը, այդ թվում՝ Universal Pictures, Cisco, IBM, Coca-Cola Company, Lego, կենցաղային տեխնիկա արտադրող Electrolux Professional:
Տոկաևի հայտարարությունը հնչում է ռուս-ղազախական հարաբերություններում լարվածության ֆոնին։ Հունիսի 17-ին Պետերբուրգյան տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ Ղազախստանի նախագահը ռուսաստանցի պաշտոնակցի ներկայությամբ Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները «քվազիպետություններ» է անվանել՝ հայտարարելով, որ Ղազախստանը դրանց անկախությունը չի ճանաչի: Բացի այդ, նա հավաստիացրել է, թե իր երկիրը չի օգնի Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանի նախագահին կոշտ են արձագանքել Զատուլինն ու Կադիրովը, ոչ պաշտոնական Մոսկվան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանը չի ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ երկրների անկախությունը