Եվրամիությունը հայտարարել է, որ Լիտվան պետք է թույլատրի Ռուսաստանին երկաթուղով բեռնափոխադրում իրականացնել երկրի հիմնական տարածքի և Կալինինգրադի մարզի միջև:
Եվրահանձնաժողովի երեկ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ԵՄ տարածքով դեպի Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցման արգելքը վերաբերում է միայն ավտոմոբիլային տրանսպորտին, ապրանքները կարող են փոխադրվել երկաթուղով, թեև՝ «անհրաժեշտ վերահսկողությամբ»։ Ռազմական բեռների, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների փոխադրումն արգելված է տրանսպորտի բոլոր տեսակներով։
Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Եվրահանձնաժողովի պարզաբանումները։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ գերատեսչությունը դեռ չի ուսումնասիրել հրապարակված փաստաթուղթը։
Միացյալ Նահանգները ողջունում է ԵՄ հայտարարությունը, որը պարզաբանում է, թե ինչպես պետք է ԵՄ անդամ երկրները տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի դեմ Կալինինգրադի մարզում։ «Կարևոր է նշել, որ Կալինինգրադի այսպես կոչված «շրջափակում» այժմ չկա և չի եղել», - իր հայտարարությունում ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Հունիսին Լիտվան դադարեցրել է իր տարածքով ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված բեռներով գնացքների և տրանսպորտային այլ միջոցների անցումը դեպի Կալինինգրադ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ արգելքը վերաբերել է նախկինում փոխադրված ապրանքների 40-60 տոկոսին: Ի պատասխան՝ Ռուսաստանը սպառնացել է Լիտվային «կոշտ պատասխան միջոցներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիտվան դադարեցրել է մի շարք ապրանքների տարանցումը Կալինինգրադ, Ռուսաստանն այդ քայլը «սադրիչ» է որակում