Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը, սակայն այն չի ներառի ռուսական գազի մատակարարման սահմանափակումներ, քանի որ ԵՄ անդամ շատ երկրներ չեն կարողանա արագ հարմարվել դրանց, Reuters-ին ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
Նրա խոսքով` պատժամիջոցները, որոնք այժմ վերջնական տեսքի են բերվում ԵՄ գործադիր մարմնի կողմից, կներառեն ռուսական ոսկու ներմուծման արգելք, Ռուսաստան արտահանումն արգելված երկակի նշանակության ապրանքների ցանկի ընդլայնում, և ուղղված կլինեն ավելի շատ անհատների դեմ:
Եվրահանձնաժողովը պետք է փաթեթը ներկայացնի առաջիկա օրերին, անդամ երկրները կարող են այն հաստատել անմիջապես դրանից հետո, ասել է Ֆիալան։
Չեխերն անում են ամեն ինչ, որպեսզի նվազեցնեն կախվածությունը ռուսական էներգիայից, բայց դա տեղի չի ունենա այս ձմռանը, նաև ասել է Չեխիայի վարչապետը:
Հուլիսի 1-ից Եվրամիությունում նախագահող Չեխիան մինչև Ուկրաինայում պատերազմը գազի 40 տոկոսը ստանում էր Ռուսաստանից։