Փաշինյան-Էրդողան երեկվա հեռախոսազրույցից հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, թե ակնկալում է շատ կարճ ժամանակում՝ առաջիկա ամիսներին արդեն կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորածությունները՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներ մեկնարկել։ Բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ` նախապատրաստական երկկողմանի գործընթաց դեռ չկա, բայց շուտով մեկնարկելու է:
«Սրանք, բնականաբար, դրական պայմանավորվածություններ են, բայց այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը: Եվ ես հույս ունեմ, որ շատ արագ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն», - նշեց ԱԺ փոխխոսնակը:
Էրդողանն ու Փաշինյանը հեռախոսազրույցում ակնկալիք են հայտնել, որ այս պայմանավորվածությունները շուտ կիրագործվեն: Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ ավելի քան մեկ տասնամյակի դադարից հետո հեռախոսազրույցում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ընդգծվել է հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Ռուբեն Ռուբինյանի խոսքով` հեռախոսազրույցը կայացել է առանց այլ երկրների միջնորդության, Փաշինյան-Էրդողան հանդիպման պայմանավորվածություն չկա։
Սահմանը բացելու և օդային բեռնափոխադրումներ սկսելու տեխնիկական մանրամասները Հայաստանը դեռ չի հրապարակում՝ սահմանի ո՞ր հատվածը կգործի, արդյո՞ք ռուսները կհսկեն գործընթացը. Ռուբինյանը տրամաբանական է համարում, որ գործի սովորական սահմանային ռեժիմ՝ անձնագրային անցակետով, մաքսային վարչարարությամբ. «Բոլոր տեխնիկական դետալները պետք է քննարկվեն երկու երկրների գերատեսչությունների հմապատասխան ներկայացուցիչների կողմից և միջև»:
Ինչ վերաբերում է ակնկալվող հետագա քայլերին՝ բացել սահմանը, հաստատել դիվանգիտական հարաբերություններ, Հայաստանն այստեղ Թուրքիայի քաղաքական կամքն է կարևորում. «Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հենց վաղը: Եթե դա տեղի չի ունենում վաղը, և եթե Հայաստանը պատրաստ է դրան, դա նշանակում է, որ դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից այս պահին, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը«Ազատության» հարցին` Թուրքիայի քաղաքական կամքը չկա՞, արձագանքեց. «Համենայն դեպս, չկան նախանշաններ պնդելու, որ այսօր երեկոյան սահմանը բացվելու է»:
Վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին՝ ռուսական պետական «Ռիա Նովոստի» գործակալությունն այսօր գրել է, որ Թուրքիան Հայաստանի պատասխանին է սպասում՝ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Երևանում կամ Անկարայում անցկացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ էլ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էր անտրամաբանական համարել, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը երրորդ երկրներում՝ Ռուսաստանում և Ավստրիայում են բանակցում, միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ հյուրընկալող ձևաչափով հանդիպումների՝ ներքին ճնշման պատճառով։
«Մենք արել ենք առաջարկ` ցամաքային սահմանը բացել դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար, և ընդհանրապես ես կարծում եմ` շատ տրամաբանական կլինի, եթե այդ առաջարկն ընդունվի, և դրա հետ զուգահեռ, օրինակ, հանդիպումներ տեղի ունենան Հայստանում կամ Թուրքիայում:
Մենք ունենք այդ կամքը, և կարգավորման հաջողությունը կախված է հետևյալից` արդյոք Թուրքիան ունի՞ և ցուցաբերո՞ւմ է, և կցուցաբերի՞ այդ կամքը», - հավելեց նա:
Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի չորս հանդիպումների արդյունքներով էլ կողմերը հաղորդել են, որ կարգավորման գործընթացում նախապայմաններ չկան։ Հայաստանյան ընդդիմությունը, սակայն, թերահավատ է, մտավախություն ունենալով, որ Թուրքիայի նախապայմաններն արդեն կատարվել են՝ Հայաստանը համաձայնել է միջանցքի, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում կարգավիճակի, ուրացել Ցեղասպանությունը։ Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ թուրք գործընկերոջ հետ բանակցություններում չեն քննարկվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, միջանցքը, Ցեղասպանության, Կարսի պայմանագրի թեմաները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ են մտածում քաղաքացիները հայ-թուրքական հարաբերությունների մասին«Ըստ իրենց` մենք համաձայնել ենք ամեն ինչի: Ինչո՞ւ ամեն ինչ տեղի չի ունեցել: Կրկնում եմ հարցս` եթե կան ինչ-որ միֆական նախապայմաններ, որոնց մենք համաձայնվել ենք, ինչո՞ւ այդ ամեն ինչն իրականություն չէ», - հարցրեց Ռուբինյանը:
«Ազատության» դիտարկմանը, որ առնվազն միջանցքի մասին թուրքական կողմն անընդհատ խոսում է, Երևանի բանագնացն ասաց. «Ճիշտ եք, որ նման հայտարարություններ թուրքական կողմից հնչել են, և այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»:
Ռուբեն Ռուբինյանը խայտառակ երեսպաշտություն է որակում ընդդիմության «Ոչ թրքացմանը» կարգախոսը. «Եթե զուտ կարգավորման գործընթաց սկսելն ինքնին արդեն իսկ թրքացում է, բա այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ էր կապի դուրս գալիս թուրքական իշխանությունների հետ, ինչո՞ւ էր գործընթաց վարում իրենց հետ, ինչո՞ւ էր նամակներ գրում, ինչո՞ւ էր հանդիպում Թուրքիայի ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանն ինչո՞ւ էր կրկին հանդիպում Թուրքիայի ներկայացուցիչներին, ինչո՞ւ էր կարգավորման գործընթաց սկսում, ինչո՞ւ էր ուզում հասնել սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Մի՞թե որովհետև իրենք թրքացնում էին Հայաստանը», - ընդգծեց Ռուբինյանը: