Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են դիրքեր գնդակոծելու համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի զինված ուժերին, մասնավորապես, մեղադրել էր Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից Ադրբեջանի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի դիրքերի ուղղությամբ գնդակոծելու համար։