Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը, հրդեհի մատնել վարչապետի կեցավայրը

Շրի Լանկայում հազարավոր ցուցարարներ հուլիսի 9-ին գրավել են նախագահի նստավայրը, իսկ վարչապետի մասնավոր կեցավայրը հրդեհի մատնել։

Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակումները ցույց էին տալիս նախագահական նստավայրի բազմոցներին բազմած, նախագահականի լողավազան մտած ցուցարարներին, տեսանյութերում երևում էր, որ նրանք նաև կողոպտում են պահարանների պարունակությունը։

Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը չեն կարողացել կանգնեցնել տնտեսական սուր ճգնաժամի հետևանքով բորբոքված մարդկանց։ Վերջին օրերին հազարավոր մարդիկ կղզի պետության տարբեր շրջաններից հավաքվել էին մայրաքաղաք Կոլոմբոյում՝ պահանջելով նախագահի և վարչապետի հրաժարականը։

Անկարգությունների հետևանքով 39 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Վարչապետի գրասենյակը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ նա պատրաստ է հրաժարական տալ, տեղ բացելով բազմակուսակցական կառավարություն ձևավորելու համար։

Խորհրդարանի խոսնակը երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսային հղած նամակում հայտնել է, որ կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը մի քանի որոշում է ընդունվել՝ այդ թվում նախագահի ու վարչապետի շուտափույթ հրաժարականի մասին։ Իսկ խորհրդարանը յոթ օրվա ընթացքում նախագահի պաշտոնակատար կընտրի։