«Իդրամ»-ը դատի է տվել Հասմիկ Գրիգորյանին՝ Ֆեյսբուքում քննադատական մեկնաբանության համար

«Իդրամ» ինտերնետային վճարային համակարգը զրպարտության և վիրավորանքի համար դատի է տվել Հասմիկ Գրիգորյանին՝ ընկերուհու ֆեյսբուքյան գրառման տակ մեկնաբանություն թողնելու համար։

«Իդրամ»-ը երիտասարդ կնոջից 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում, մինչդեռ Հասմիկը չի հասկանում՝ ո՞ւր մնաց խոսքի ազատությունը։

«Գրառումն այն մասին էր, որ իր ամուսնուց ID բանկով գումար էին հափշտակել ու նաև վարկ էին ձևակերպել իր անունով, ես ընդամենը իմ կարծիքն եմ արտահայտել, որը նաև հիմնված է 2019 թվականից լսած դեպքերով մինչև օրս, որոնք կրկնվում են: Իմ տարբեր ընկերների, ծանոթների շրջանում տեղի են ունեցել նմանատիպ դեպքեր ու շատ-շատերից եմ լսել, որոնք բարձրաձայնում են «Իդրամ»-ի անվտանգության խնդիրների մասին», - ասաց Գրիգորյանը:

Հայաստանում օնլայն վարկավորման գործիքների միջոցով հափշտակությունների ու զեղծարարությունների մասին պարբերաբար ահազանգեր են հնչում։ Դատախազության փոխանցմամբ՝ վերջին շրջանում նման 130 քրեական գործ է հարուցել։

«Ազատության» հետ զրույցում ավելի վաղ զեղծարարների ծուղակն ընկած մարդիկ պատմել էին, թե ինչ մեխանիզմով է «Իդրամ»-ով խաբեությունը տեղի ունենում։ Հիմնականում մարդն առանց հասկանալու հենց ինքն է իր անձնական տվյալները տրամադրում է երրորդ անձին։ Առաջին անգամ չէ, որ բանկից հայտնում են՝ եթե անձնական տվյալները, գաղտնաբառը անծանոթին չհայտնեն, այսպիսի փորձանքի մեջ չեն հայտնվի։ Բայց հիմա վեճի պատճառը սոցցանցային գրառումն է:

IDbank և «Իդրամ» համատեղ հարթակի անվտանգային համակարգից դժգոհող օգտատերերը հաճախ են քննադատական մեկնաբանություններ թողնում:

«Ինչպե՞ս է ստացվում, որ բանկից վարկի ձևակերպման պահին չեմ ստանում ոչ մի զանգ, ոչ մի SMS հաղորդագրություն կամ նամակ, իսկ անվտանգության աշխատողն ինձ հետ կապվում է դեպքից մեկ ամիս անց», - նշել է օգտատերերից մեկը։

«Իդրամ» դիմելուց հետո պարզվեց, որ ոչ միայն գումարն են տարել, այլև կոտրել են ամուսնուս անձնական էջը, փոխել կոնտակտային տվյալները և ID բանկից ստացել 500,000 ՀՀ դրամ օնլայն վարկ՝ այն դեպքում, որ երբևիցե չի հանդիսացել տվյալ կառույցի հաճախորդ», - գրել է մեկ այլ օգտատեր Բելլա Մարտիրոսյանը:

Հենց այս գրառման տակ էլ հայտնվել է Հասմիկի մեկնաբանությունը. Գրելիս չի էլ ենթադրել, որ դատարանում կարող է հայտնվել. - «Իմ կարծիքն եմ գրել, ոչ մի միտք չեմ ունեցել իրենց գործարար համբավն արատավորելու»:

«Սուբյեկտիվ ենթադրություններ չէ, որ միայն առկա էին՝ անվտանգության մասով, առկա էր նաև վիրավորական արտահայություն, որ իր հատկանիշներով ընկերության բարի համբավն ուղղակիորեն արատավորելու տարրեր է պարունակում», - ասաց «Իդրամ» ընկերության Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղանիկ Ավետիսյանը:

Ավետիսյանն ասում է՝ Սահմանադրությամբ ազատ խոսքի իրավունքն, իհարկե, ամրագրված է, բայց միևնույն ժամանակ ընդգծում՝ այն չարաշահելն ու ուրիշների իրավունքները խախտելը կարող է հետևանքներ ունենալ։

«Մինչև դատարան դիմելը մենք փորձել ենք պաշտոնապես գրավոր ձևով դիմել՝ նույն ձևով, ինչ կատարվել է արտահայտությունը, նույն ձևով հերքում և ներողություն ակնկալել, որպեսզի խոսքը չհասնի, այսպես ասած, դիվան բաշուն, չդիմենք դատարան: Սակայն քանի որ մենք մեր ցանկալի արդյունքին չենք հասել, ստիպված ենք եղել մեր իրավունքն իրացնել դատական պաշտպանություն դիմելու միջոցով», - ասաց Աղանիկ Ավետիսյանը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում 100-ավոր քրեական գործեր կան համակարգչային տեխնիկայի օգնությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներով։ Այս գործերի մեջ հաճախ է հանդիպում «Իդրամ»-ի անունը։ Այս ընկերությունում, սակայն, ասում են, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատարան ակտ, «Իդրամ»-ի անվտանգությունը չի կարող հարցականի տակ լինել։

«Մեզ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չհամարենք, թողնենք գործն այն մարմնին, ով իրավասու է դա քննել, թող նույն էդ նախաքննություն իրականացնող մարմինը պարզի, թե իրողությունը ոնց է տեղի ունեցել: Շատ դեպքերում քաղաքացին կարող է պնդել, որ ինքը իր տվյալները երրորդ անձի չի տվել, բայց այսօր յուրաքանչյուրս էլ իր տվյալները բազմաթիվ հարթակներում բազմաթիվ ձևով հասանելի է դարձնում, դա չնշանակեց, որ ինքը կոնկրետ զեղծարարին չի տվել, բայց դա նշանակեց, որ ինքը ինչ-որ մի տեղ տվել է, չի բացառվում, որ ինչ-որ մի տեղ օգտագործվեն այդ տվյալները՝ հասանելիություն ստանալու համար: Դա էլի խոսում է նրա մասին, որ համակարգն անվտանգ է», - ընդգծեց «Իդրամ» ընկերության Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խնդրին երկու կողմից է նայում. երբ մարդը խաբեության հետևանքով տրամադրել է իր անձնական տվյալները երրորդ անձին և հայտնվել է ծուղակում, մեղադրանքները բանկային ընկերության հասցեին արդարացի չեն, այստեղ անգամ ազատ խոսքի իրավունքի հարց չկա։

«Հասկանալի է, որ «Իդրամ»-ի վարկանիշին կա որոշակի վնաս և «Իդրամ»-ը կարող է դիմել դատարան, սակայն այստեղ երևի դատարանի գործն է քննարկել՝ որքանով է հասարակայնորեն կարևոր, որպեսզի մարդիկ ունենան այդ ազատությունը քննադատելու, զգուշացնելու, որ «Իդրամ»-ում, տեսեք, էսքան հեշտ է գումար քաշելը», - նշեց Պապյանը:

Մյուս կողմից՝ ինչպե՞ս կարող է սպառողն իր դժգոհությունը հայտնել ծառայությունից, եթե անկախ իր կամքից խնդրի է բախվել:

«Պետք է ամեն կոնկրետ դեպքը քննել, փաստերը համադրել, հասկանալ՝ կա՞ արդյոք հանրային շահ, որպեսզի «Իդրամ»-ին պարտադրեն, որպեսզի ավելի պակաս մատչելի, պակաս հարմարավետ դարձնել իր ծառայությունը, և արդյոք հանրային շահը նրանում է, որպեսզի քաղաքացիները կարողանան բողոքարկել, Ֆեյսբուքում քոմենթ գրել: Դա էլ, ի վերջո, իրենց խոսքի ազատության իրավունքն է», - ընդգծեց Տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Բողոքները «Իդրամ»-ի համակարգից քիչ չեն, ընդունում է անվտանգության մասնագետը, չբացառելով՝ սեփական համբավը բարձր պահելու համար գուցե առավել արդյունավետ լինի, եթե ընկերությունն, այդուհանդերձ, ստուգման հավելյալ մեխանիզմներ կիրառելու մեթոդներ մշակի ու թերևս ամենակարևորը՝ շարունակի առավել ինտեսնիվ կրթել, այլ ոչ թե վախեցնել իր հաճախորդներին։