Մատչելիության հղումներ

Վերջին մեկ տարում զեղծարարության տարբեր ձևերից միայն ID բանկում տուժել է շուրջ 100 քաղաքացի


Երկու շաբաթ է անցել, ինչ գլխավոր դատախազը դիմել է բանկերը լիցենզավորող Կենտրոնական բանկին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել, որ մարդիկ չհայտնվեն զեղծարարների ուռկանում ու չհայտնաբերեն, որ իրենց կամքից անկախ բանկերում խոշոր վարկեր ունեն։

«Ազատության» զրուցակիցը հարյուրավոր տուժածներից մեկն է, որն անանուն մնալու պայմանով պատմեց, թե ինչպես է մեկ օրում զրկվել տարիներ շարունակ կուտակած իր կլորիկ գումարից, դրանից հետո նաև հայտնաբերել է, որ ID բանկում իր անունով վարկ կա ձևակերպված. - «Վայբերի վրա ա զանգը գալիս, ու գրված ա լինում հենց վրան ID բանկ։ Տղամարդ ա, ներկայանում ա ID բանկի ախրանա, մենք կատարում ենք անվտանգությունը մեր հաճախորդների, մի հատ կոդ ա եկել ձեզ ID բանկից, էդ չորս թիվը ասեք։ Ես խելոք ասում եմ այդ կոդը։ Դրանից հետո երեկոյան հեռախոսիս վրա SMS ա գալիս, որ իմ դոլարային հաշիվը, որ ունեի 2047 դոլար, նստացնում են իմ դրամային հաշվի վրա, հետո մնացորդն են քաշում։ Մնում ա ընդամենը 94 դրամ»։

Վարկի մարման ժամկետն անցել է, զրուցակիցս չի վճարել, չի էլ պատրաստվում։ Նեղսրտում է՝ բանկից դեռ հուսադրղ պատասխան չի ստացել, որ վարկը կչեղարկվի։ Դիմել է իրավապահներին, տուժող է ճանաչվել, գործը շուտով դատարան կմտնի։ Դատախազության փոխանցմամբ՝ այսպիսի 130 քրեական գործ կա հարուցված։

Բանկի պատասխանն անփոփոխ է՝ անվտանգության հետ կապված տեխնոլոգիական թերություններ չունեն։ Պնդում են՝ եթե մարդն իր անձնական տվյալը չփոխանցի մեկ ուրիշի, այսպիսի փորձանքի չի գա։

Բանկի աշխատակիցն իր իսկ բջջային հավելվածով է ցույց տալիս՝ ինչ է լինում, երբ մարդն իր գաղտնաբառը, կամ հեռախոսին ուղարկված քառանիշ թվերը փոխանցում է իրեն զանգահարած կամ համացանցով իրեն դիմած անծանոթին. - «Պատկերացրեք զեղծարարը իմ տեղը արեց էս գործողությունը՝ զանգեց ինձ, և այստեղ գալիս ա հետևյալ հաղորդագրությունը. Այս կոդը այս անձի տրամադրելը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների, մի տրամադրեք այն ոչ ոքի։ Մուտքագրում ա զեղծարարը իմ փոխարեն էս կոդը, ստեղծում ա ինքը իր գաղտնաբառը»։

Զեղծարարության տարբեր ձևերից տուժած շուրջ 100 քաղաքացի է վերջին մեկ տարում դիմել ID բանկ։ Ընկերությունում զարմանում են՝ էլ ի՞նչպես ասեն՝ զգույշ եղե՛ք։ ID բանկի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը մտահոգված է. որպեսզի այդ շուրջ 100 քաղաքացիներն իրենց ականջալուր լինեն ու անձնական տվյալները չփոխանցեցն այլոց, իրենք կբարդացնեն բանկի շուրջ 500 հազար ակտիվ բաժանորդների համար իրենց ծառայությունից օգտվելու պարզագույն քայլերն անգամ։

Իսկ ԿԲ-ի հետ քննարկումներում հույս են հայտնել, որ իրավապահները մեկ առ մեկ կգնան իրենց տրամադրած տվյալների հետաքերով ու կպատժեն զեղծարարներին. - «Առաջարկներից մեկը մեր եղել ա, այդ թվում նաև Կենտրոնական բանկի օգնությամբ իրավապահ համակարգին հուշել, օգնել կամ որևէ ձևով օժանդակել, որպեսզի կարողանան զեղծարարներին և հանցագործներին բացահայտեն։ Բայց բանկը իր հույսը դրա վրա չի դնում, բայց այնուամենայնիվ, շատ կարևոր է։ Եղած դեպքերով կա բավականին մեծ տեղեկատվություն, որը կարող է օգնել իրավապահ համակարգին խնդրի հանգուցալուծման գործում»։

«Ազատության» անանուն զրուցակիցը, օրինակ, տեղեկություններ ունի, որ անվտանության աշխատակից ներկայացած քաղաքացին իրեն բանտից է զանգահարել։ Տարակուսած է՝ մի՞թե իրավապահների համար բարդ է բանտում գտնել այդ մարդուն։ Հարց է ուղղում պատասխանատուներին՝ ճի՞շտ է արդյոք հույսը դնել մարդկանց իրավագիտակցության վրա, ասում է՝ ախր մարդիկ տարբեր են, չէ՞։

Հարցին ԿԲ-ից են պատասխանում՝ իհարկե ճիշտ չէ, հենց այդ նպատակով են իրենք հանդիպել ոչ միայն ID բանկի, այլև այլ բանկերի հետ։

ԿԲ-ի գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանի խոսքով, ID բանկի հաճախորդների թիվն է մեծ, դա է պատճառը, որ դեպքերն այստեղ մի փոքր ավելի են։ Բայց արդեն որոշ խստացումներ գործում են. - «Շատ նշվում էր, որ խարդախությունների ժամանակ Իդրամ օգտատիրոջ հեռախոսահամարի փոփոխություն ա տեղի ունենում, հետո բոլոր մյուս հաստատումները էդ նույն համարով ա տեղի ունենում։ Մինչև վերջնական լուծում գտնելը ուղղակի էդ համար փոխելու հնարավորությունը կասեցված ա»։

Եթե նախկինում բանկը հորդորում էր քաղաքացիներին իրենց փաստաթղթերում էլեկտրոնային հասցե գրել, ապա հիմա պարտադրում է։ Նպատակը հաշվի հետ կապված ցանկացած քայլի վերաբերյալ նամակ ստանալն է։

Խնդրի առաջ կանգնած մի քանի քաղաքացիներ սոցցանցերում հրապարակավ դժգոհում են՝ մինչև տարբեր ատյաններ քննարկեն ու որոշեն, թե ով է մեղավոր, ով սխալ, իրենք կունեզրկվեն։ Ի դեպ, իրավապահները նաև պարզել են, որ զեղծարարները խաբեությամբ ստացված այդ գումարները փոխանցում են բուքմեյքերական ընկերությունների իրենց հաշիվներին ու այնտեղից էլ փորձում կանխիկացնել։

XS
SM
MD
LG