Շոյգուն պնդում է, որ հասնելու են խնդիրների լուծմանը, Արևմուտքը չի հավատում ռուսական կողմի արագ հաղթանակին

Արևմտյան պետությունները, Ուկրաինային զենք մատակարարելով, նպատակ ունեն արհեստականորեն ձգձգել ռազմական գործողությունները, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Սերգեյ Շոյգուն միաժամանակ պնդել է, թե ռուսական ուժերը միևնույն է` հաղթելու են։

«Հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները լիովին չեն կատարվել», - ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հաղորդում է Խարկովին հասցված նոր հարվածների մասին

Ուկրաինական բանակի վերջին տվյալներով՝ ռուսական ուժերը վերահսկողության տակ են պահում Լուգանսկի մարզի գրեթե ողջ տարածքը և շարունակում են հարձակումները Դոնեցկի մարզում, սակայն ի տարբերություն Լուգանսկի` այստեղ լուրջ առաջխաղացում չեն գրանցել։ Իսկ ուկրաինական ուժերը շարունակում են հակահարձակման փորձերը Խերսոնի մարզում, նաև ավելի շատ հարվածներ են հասցնում օկուպացված տարածքների խորքում գտնվող ռուսական ռազմական ենթակառուցվածքներին։

Պատերազմը կամաց-կամաց տեղափոխվում է նաև ռուս-ուկրաինական սահման, արդեն մի քանի օր է՝ այդ մասին խոսում են Կուրսկի և Ռոստովի մարզերի ղեկավարները։ Կուրսկի շրջանի ղեկավար Ռոման Ստարովոյտը, օրինակ, այսօր հայտարարել է Ուկրաինային սահմանակից Գլուշկովսկի շրջանի բնակավայրերի գնդակոծման մասին։

Բրիտանական հետախուզության համաձայն՝ Լիսիչանսկի համեմատաբար արագ գրավումը թույլ է տալիս ռուսական կողմին վերահսկողություն հաստատել Լուգանսկի ինքնահռչակ մարզի ողջ տարածքի նկատմամբ, ինչպես նաև խոսել Դոնբասի համար մղվող մարտերում լուրջ հաջողության մասին։ Բրիտանացիները նաև հայտնում են, որ ռուսական ուժերին հաջողվել է շտկել առաջին ամիսների սխալները և ավելի արդյունավետ համակարգել բանակի տարբեր ստորաբաժանումների գործունեությունն ու նրանց միջև կապը։

Արևմտյան ռազմական փորձագետները միաժամանակ կարծում են, որ թեև Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի գրավումը ռուսական բանակի համար անվերապահ հաջողություն էր, սակայն այն ձեռք է բերվել հսկայական ջանքերի և զոհաբերությունների գնով և ամենևին չի երաշխավորում Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայի դեմ պատերազմում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «Դիմադրությունն այլընտրանք չունի»

«Պուտինը կարող է դա ներկայացնել որպես հաջողություն: Բայց ընդհանուր իրավիճակի առումով դա չի նշանակում, որ Ուկրաինան ստիպված կլինի հանձնվել կամ ենթարկվել ռուսներին մոտ ապագայում», - ասում է ԱՄՆ Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբ Լին:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ևս չի հավատում ռուսական կողմի արագ հաղթանակին՝ պնդելով, թե արևմտյան պատժամիջոցները ճնշում են Պուտինին։ Այսօր հրապարակած հոդվածում Բորելը, այդուամենայնիվ, արձանագրում է՝ թեև պատժամիջոցները աղետալի հետևանք են թողնելու ռուսական տնտեսության վրա, դրանք դժվար թե ստիպեն Պուտինին փոխել Ուկրաինայի դեմ պատերազմի իր ծրագրերը։

«Վլադիմիր Պուտինը կփոխի՞ իր ռազմավարական հաշվարկները: Հավանաբար ոչ մոտ ապագայում. տնտեսական տրամաբանությունն առաջինը չէ, որով նա առաջնորդվում է։ Այնուամենայնիվ, ստիպելով նրան ընտրել կա՛մ նավթ, կա՛մ ատրճանակ, պատժամիջոցները նրան աստիճանաբար ավելի ու ավելի են սեղմում», - նշել է նա:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան իր հոդվածում գրում է, որ ռուսական էներգակիրներից աստիճանաբար հրաժարվելու դժվար որոշումները, մասնավորապես մինչև տարեվերջ ռուսական նավթի ներկրումը 90%-ով նվազեցնելը, վատթարացնում են եվրոպացիների կյանքի որակը, սակայն այդ որոշումներն աստիճանաբար ազատում են եվրոպային ռուսական էներգակիրներից կախվածությունից։ Բորելը շեշտում է՝ ռուսական ռեժիմի հիմնական սխալներից մեկն այս պատերազմում այն համոզմունքն էր, որ Եվրոպան իր էներգետիկ կախվածության պատճառով զերծ կմնա ցավոտ պատժամիջոցներից։