Գլխավոր դատախազն առաջարկում է վերահսկել ինտերնետով տարածվող տեղեկատվությունը, իրավապաշտպանները մտահոգված են

Ինտերնետում տեղեկատվությունը վերահսկելու համար պետական մարմին ստեղծելու՝ Գլխավոր դատախազի առաջարկությունը լրջորեն մտահոգել է հայաստանյան փորձագետներին ու իրավապաշտպաններին, որոնք կարծում են, որ այդ կառույցը կարող է դառնալ խոսքի ազատությունը սահմանափակող և այլախոհներին լռեցնող գործիք։ Բոլորի աչքի առաջ ռուսական «Ռոսկոմնադզոր»-ն է, որի փորձին էլ իր առաջարկությունում հղում է արել Գլխավոր դատախազը։

«Դա բոլորիս հայտնի է որպես «Ռոսկոմնադզոր», հետևաբար էս պահին տեսնում ենք «Արմկոմնադզորի» սկզբնավորումը», - ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։

Երկու ամսից պաշտոնավորումն ավարտող Արթուր Դավթյանը նախօրեին է դիմել կառավարությանը՝ պատճառաբանելով, որ վերջին տարիներին ահագնացել է կայքերով, սոցցանցերով ազգային, կրոնական, սեռական խտրականությունը, արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդը, վաճառքի բացահայտ հրավերը և այլն։

Դատախազությունից նշում են, թե «ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանի օրենսդրությամբ ինտերնետով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ապահովված չէ»։ Եվ ահա այս ամենը հաշվի առնելով՝ Արթուր Դավթյանը գործադիրին առաջարկել է քննարկել այս հարցերը։

Արթուր Դավթյան

Վերջերս Ռուսաստանի նախագահի հրամանով մեդալով պարգևատրված դատախազը նաև միջազգային փորձն է ներկայացնել՝ այդ շարքում առանձնացնելով ռուսական Роскомнадзор-ի գործունեությունը։

«Սա տանում է լիակատար տոտալիտար պետության, սա տանում է խոսքի ազատության սահմնափակումների, հնարավորություն է ստեղծելու ընտրողակաբար կիրառել լծակներ այլախոհներին լռեցնելու համար և սեփական լրատվամիջոցներին առավելություն տալու համար», - նշեց Արթուր Պապյանը։

Նա ընդգծում է՝ եթե ինտերնետը վերահսկելու լծակներ ունեցող այդպիսի պետական մարմին ստեղծվի, իշխանությունների համար տհաճ հրապարակումների դեպքում այն կարող է կիրառվել հենց նման տեղեկատվությունը սահմանափակելու համար. - «Կարող է այդ մարմինը, ունենալով այդպիսի լծակներ, մի փոքրիկ էլ քայլ էլ, շտրիխ էլ ավելացնի, որ հիմա էլ արդեն չի կարելի մեր... ամենաիմաստուն իշխանությանը վիրավորել, կամ քննադատել։ Չի կարելի ասել, որ այ, տնտեսական քաղաքականությունը էսպես մի արեք, որովհետև տեղեկատվական անվտանգության խնդիր է»։

Շուշան Դոյդոյան

Դատախազության հայտարարությանը փորձագետները միանգամից արձագանքեցին՝ նկատելով, որ ռուսական «Ռոսկոմնադզոր»-ը, որի գործունեությանը հղում է արել գլխավոր դատախազը, կիրառվում է հենց խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով։

«Ռոսկոմնադզորն իրականում որոշ անհրաժեշտ դեպքերում բացահայտ գրաքննություն իրականացնող մարմնի է վերածվել, և դրան հղում անելով ոչ մի լավ բանի մասին մենք չենք կարող մտածել», - ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Նա թեև համաձայն է, որ համացանցում տարածվողի բովանդակության հետ կապված խնդիրները շատ են, բայց և շեշտում է՝ դատախազության հաղորդագրությունից Ռուսաստանից եկող բացասական ազդեցության տպավորություն է ստեղծվում. - «Պատրաստվում են ինչ-որ ինտերնետում օպերատիվ միջամտություններ կատարելու համար հիմք ստեղծել, որ երբ որ անհրաժեշտություն լինի, իրենք անմիջապես կարողանան միջամտել։ Ինչը կարող է հղի լինել շատ մեծ վտանգներով։ Նման նախաձեռնությունները, իմ կարծիքով, դատախազության անելիքը չեն»։

«Լավ կլինի, դատախազությունը ռուսական «Ռոսկոմնադզորին» հիշեցնող գործառույթներ իր վրա չվերցնի, դա բոլորի շահերից ա բխում, առաջին հերթին՝ մեր ժողովրդավարության շահերից»։

Ի դեպ, դեռ ապրիլին Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համատեղ հայտարարություն էին ստորագրել, որում մտահոգություն էին հայտնել պետությունների ներքին գործերին միջամտելու նպատակով ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման աճի առնչությամբ։ Պայմանավորվել էին ամրապնդել համագործակցությունը, ավելին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարները նաև առանձին փաստաթղթով էին ամրագրել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը։

Այս նոր նախաձեռնության վերաբերյալ փորձագիտական շրջանակից հնչող մտավախություններին զուգահեռ գլխավոր դատախազությունը շեշտում է՝ առաջարկում ենք քննարկել այս հարցը՝ կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ։

Արդյոք կառավարությունը պատրաստվում է քննարկել գլխավոր դատախազի առաջարկությունը, առայժմ պարզել չի հաջողվել։ Ասացին՝ օրն աշխատանքային չէ, չեն կարող ասել։ Հնչող քննադատություններին դեռ չեն արձագանքել նաև Գլխավոր դատախազությունից, նրանք «Ազատության» հեռախոսազանգերն անպատասխան են թողնում։