Ռուսական զինուժը լքել է ուկրաինական հայտնի Զմեինի կղզին այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող ռուսական ուժերին։
Ըստ ուկրաինական հրամանատարության, հրթիռային և հրետանային հարվածներից հետո ռուս զինվորականները երկու արագընթաց նավերով շտապ տարհանել են կայազորի մնացորդները և հավանաբար լքել են կղզին։
Մինչդեռ ռուսական կողմը, հաստատելով կղզուց ռուս զինվորականների հեռանալու տեղեկությունը, պնդում է, թե կղզին թողել են որպես «բարի կամքի քայլ»։
«Հունիսի 30-ին, որպես բարի կամքի քայլ, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը կատարեցին իրենց հանձնարարված խնդիրները Զմեինի կղզում և դուրս բերեցին այնտեղ տեղակայված կայազորը: Այսպիսով, համաշխարհային հանրությանը ցույց է տրվել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտում գյուղմթերքի արտահանման համար մարդասիրական միջանցք կազմակերեպոլւ ՄԱԿ-ի ջանքերին», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնոշենկովը։
Նա հավելել է, որ ռուսական կողմի այս քայլից հետո Կիևը այլևս չի կարող շահարկել մոտալուտ պարենային ճգնաժամի թեման՝ պնդելով, թ ե Ռուսաստանի կողմից Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածի ամբողջական վերահսկողության պատճառով ուկրաինական հացահատիկի արտահանումը անհնարին է։
Ռուսաստանը վերահսկում էր Զմեինի կղզին Ուկրաինայում պատերազմի հենց առաջին օրերից։ Հունիսին ուկրաինական կողմը ուժեղացրեց գրոհը գրավված կղզու վրա։ Վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը ինտենսիվ գնդակոծության էին ենթարկում կղզին և հայտարարեցին դրա արդյունքում կղզուն տեղակայված ռուսական բանակի և տեխնիկայի կորուստների մասին։
Զմեինին այն կղզին էր, որը պաշտպանող փոքրաթիվ ուկրաինացի զինվորականները պատերազմի սկզբում հրաժարվել էին հանձվել և ենթարկվել Մոսկվա ռազմական նավի անձնակազմի պահանջներին։ Ավելի ուշ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» հածանավը կործանվել էր ուկարիանկան հրթիռների հարվածից։
Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, ապա Դոնբասում ընթացող մարտական գործողությունների արդյունքում, ըստ բրիտանական հետախուզության, ուկրաինական բանակը շարունակում է պահպանել դիրքերը Լիսիչանսկում նույնիսկ Սևերոդոնեցկից նահանջից հետո։
Ներկայիս ցամաքային մարտերը, ամենայն հավանականությամբ, կենտրոնացած են լինելու Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի շուրջը, որը գտնվում է քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա հարավ-արևմուտքում: Ռուսական ուժերը շարունակում են սահմանափակ առաջընթաց գրանցել, ըստ բրիտանական հետախուզության՝ փորձելով շրջափակել ուկրաինական ստորաբաժանումները Դոնեցկի շրջանի հյուսիսում։
Բրիտանացի փորձագետները կարծում են, որ ուկրաինական բանակը կարող է շարունակել երկարատև մարտերը, այնուհետև դուրս բերել զորքերը նախքան նրանց շրջափակումը: Եվ այս տակտիկան ռազմական դաշտում դեռ պահպանվելու է։
Проект հարթակը վերլուծել է Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի պաշտպանության նախարարության 196 ճեպազրույցները: Նրանք եզրակացրել են, որ գերատեսչությունը բավականին հաճախ հրապարակում է իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Այսպես, օրինակ, հունիսի 26-ին Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ռուսական կողմը խոցել է ուկրաինական 215 ռազմական ինքնաթիռ։ Սակայն բաց տվյալներից հետևում է, որ Ուկրաինան ընդհանուր առմամբ ունեցել է 98 ռազմական, 32 տրանսպորտային և 5 հատուկ ինքնաթիռ։ Այսինքն՝ Ուկրաինան երբեք չի էլ ունեցել այնքան ինքնաթիռ, որքան հաղորդում է ռուսական կողմը։ Բացի այդ, ըստ հետազոտության, ռուսական կողմը բազմիցս հայտնել է միևնույն բնակավայրերի գրավման մասին։
Անկախ նրանից, թե ինչ է զեկուցում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունըը, արևմտյան փորձագետներից քչերն են հավատում, որ ուկրաինական բանակը կարող է հաղթել այս պատերազմում։ Մինչդեռ ուկարիանացիները վճրական են տրամադրված և Արևմուտքից պահանջում են է'լ ավելի շատ զենք ու տեխնիկա՝ հայտարարելով, թե մտադիր են ռուսական զորքերը դուրս հանել երկրի ողջ տարածքից, այդ թվում Ղրիմից։