Դեռևս հնարավոր է համաձայնության հասնել միջուկային համաձայնագիրը փրկելու հարցում. Ամիր-Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ դեռևս հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները, համաձայնության հասնել Թեհրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու հարցում, թեև Վաշինգտոնը վերջերս կայացած բանակցությունները գնահատել է որպես ձախողում:

Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը այսօր Թվիթերում գրել է, որ չնայած հունիսի 29-ին ավարտված երկօրյա բանակցությունների ընթացքում համաձայնության բացակայությանը, Թեհրանը «պատրաստ է հասնել լավ, ամուր և տևական գործարքի»:

Իրանի դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը հաջորդում է Դոհայում կայացած բանակցություններին, որտեղ ԵՄ-ի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի բանագնացները փորձում էին վերսկսել ամիսներ առաջ ընդհատված բանակցությունները։

Առաջընթացի բացակայության համար կողմերը միմյանց են մեղադրում. Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը շարունակում է առաջ քաշել գործարքի հետ «կապ չունեցող» պահանջները, մինչդեռ, ըստ Թեհրանի, ԱՄՆ-ի պնդումները բացառում են Իրանի տնտեսական օգուտների որևէ երաշխիք։