Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում՝ ժողովրդավարության ամրապնդմանը աջակցելու համար։
«Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը»,- Թվիթերում գրել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին, հավելելով,- «Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի՝ պաշտպանելու խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»։
Հայտարարությունից անմիջապես հետո պաշտոնական Երևանը ողջունել է այդ որոշումը։
«Սա ևս մեկ անկյունաքարային պահ է հայ-կանադական զարգացող հարաբերություններում, որը էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարը։
Մինչ այդ` երեկ, Արարատ Միրզոյանը նաև հեռախոսազրույց էր ունեցել կանադացի գործընկերոջ հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը զրուցել էին Հայաստանի ժողովրդավարության, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի մասին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հայաստանից բացի, Կանադան նոր դեսպանատներ կբացի նաև Էստոնիայում, Լիտվայում, Սլովակիայում։
«Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին, էլ ավելի մեծացնել Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ օգնելով դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»,-հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մենք հավատում ենք, որ դիվանագիտությունը մնում է անվտանգությանն ու կայունությանը աջակցելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը»,- այսօր ընդգծել է Կանադայի արտգործնախարարը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակ