Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Թրյուդոն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին


Արխիվ
Արխիվ

Հայաստանի ու Կանադայի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:

Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորություններին, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությանը, փոխանցում է հայկական կողմը:

Ուկրաինայում ստեղծված իրավիճակին ևս զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել` ըստ հաղորդագրության:

Մեկ շաբաթ է` Արցախի բոլոր բնակավայրերը զրկված են գազից․ Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել:
Վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ էին։ Անցնող շաբաթվա սկզբին Երասխում ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող սպանվեց, մեկն էլ վիրավորվեց, երեք օր առաջ էլ Արցախի Խրամորթ գյուղում ականի պայթյունից գյուղի մի բնակիչ վիրավորվեց:

Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը։

XS
SM
MD
LG