«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ շրջանառության մեջ չի դրել Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու նախագծերը։
Որոշումը խորհրդարանական մեծամասնությունը երեկ է կայացրել։ Ազգային ժողովի փոխնախագահին պաշտոնանկ անելու համար նրան այդ պաշտոնից հետ կանչելու, իսկ հանձնաժողովի նախագահին՝ լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ պետք է ներկայացվի, որը պետք է ընդունվի առնվազն 54 կողմ ձայնով։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» 71 պատգամավոր ունի։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ իրենց գլխավոր հիմնավորումը անգործությունն է։ Կարծում է՝ մինչև սեպտեմբեր պետք է հարցը լուծել։
«Կոնկրետ Վահե Հակոբյանի դեպքում ադմինիստրատիվ այս աշխատանքը չի իրականացրել, հանձնաժողովի նիստ գումարել, դրանից բխող նաև այլ տեխնիկական աշխատանքներ, բայց ես ուզում եմ նշել, որ մի շարք հիմնավորումներ կան, որ այս մարդը պարզապես ունակ էլ չի մասնագիտական առումով այս հանձնաժողովը ղեկավարել, ինչի արդյունքում մենք խնդիրներ ենք ունենում նաև բովանդակային իմաստով՝ օրենքների քննարկումների, դրանց շրջանառման և այլն և այդպես շարունակ: Իսկ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ էլ ասելիքս շատ չէ, երբեք էլ չի եղել Ազգային ժողովի փոխնախագահ դե ֆակտո, որովհետև մենք, ըստ էության, դատարկ աթոռ ենք տեսել կամ այդ աթոռին նստած անշարժ և լուռ Իշխան Սաղաթելյան: Եվ մեր Ազգային ժողովին, որն ըստ էության, գերծանրաբեռնված աշխատանք է իրականացնում և՛ օրենսդրական, և՛ խորհրդարանական դիվանագիտության առումով, նման փոխնախագահը մեր աշխատանքներին խանգարում է իր անգործությամբ», - նշեց Հովհաննիսյանը:
«Էդ իմ առաքելությունն է այս պահին, որովհետև իրանք աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ, եթե ինձ հաջողվել է իրենց աշխատանքը խոչընդոտել, շատ հրաշալի է, առաջիկայում թող սպասեն ավելի ծանր հարվածների: Ընդհանրապես խոսել մասնագիտական կարողություններից, փորձառությունից, գիտելիքներից, ՔՊ-ն ինչ-ինչ տենց բաներից պետք ա չխոսի էլի: Այսինքն իրականում իրանք հեռու են էդ բաներից, որ իրենց կյանքի նպատակը էդ պաշտոնն ու մանդատն են, իրենց թվում է, թե դրանով ինձ կարող է ցավացնեն կամ իմ գործընկերներին: Չեն հասկանում, որ էս պահին դա մեր համար էնքան երկրորդական է», - ասաց Սաղաթելյանը:
ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երկրորդական է որակում իշխանության սկսած գործընթացը։ Երկրի առջև ծառացած սպառնալիքներն ու իշխանության այսօրվա օրակարգը, նրա կարծիքով, անհամեմատելի են։ Իսկ հաշվեհարդար համարո՞ւմ է:
«Հետապնդվել այս իշխանության կողմից, հալածվել, բանտարկվել, ճնշումների ենթարկվել, դա պատիվ է: Այս տրամաբանությամբ եմ, այս մոտեցումն ունեմ իրենց պահվածքին», - ընդգծեց Սաղաթելյանը:
Իշխանական Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց բացարձակ չի անհանգստանում, որ նախաձեռնությունը կարող է դիտվել Նիկոլ Փաշինյանի ամենասուր քննադատներին պատժելու գործընթաց։
«Չեմ կարծում, որ սա հաշվեհարդարի տիրույթում է, մենք առաջնորդվում ենք Ազգային ժողովի բնականոն աշխատանքները կազմակերպելու սկզբունքով, և այս տիրույթում են բացառապես մեր գործողությունները: Սա բնավ չի կարող դիտարկվել որպես, օրինակ, պաշտոն խլելու, պաշտոն զավթելու և այլն և այդպես շարունակ: Այդ տեղը թափուր կմնա, ընդդիմությունը ունի հնարավորություն առաջարկելու այլ թեկնածու, մենք էլ ունենք հնարավորություն որոշում կայացնելու՝ կընտրենք այդ թեկնածուին, թե չենք ընտրի այդ թեկնածուին՝ կախված, թե ում կառաջարկի», - ասաց իշխանական պատգամավորը:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը նախագծերի քննարկումներին չի մասնակցի. - «Էսքանից հետո, երբ որ հիմա քննարկում են Բերձորը հանձնելու հարցը, մենք գնանք իրենց հետ քննարկենք Ազգային ժողովի փոխնախագահի կամ հանձնաժողովի հարց, այդտեղ լրջությունը որտե՞ղ է: Մենք խորհրդարան գնալու ենք բացառապես մեր օրակարգով, մեր օրակարգում այդ հարցերը այսօր չկան»:
Արդեն մոտ 2 ամիս խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիր 2 խմբակցությունները մշտական 12 հանձնաժողովներից 3-ում են նախագահում։ Ինչո՞ւ են միայն մեկ փոխխոսնակի ու հանձնաժողովի մեկ նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնում։ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ասաց՝ այս պահին նրանց մասով են փաստարկներ բերվել։
«Բանն այն է, որ Արմեն Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովը և Թագուհի Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը իրենց ծանրաբեռնվածությամբ համեմատաբար ավելի թեթև են, հետևաբար այդ դրսևորումն այնտեղ էդքան նկատելի չի», - ասաց Աղազարյանը:
Պաշտոններից հեռացնելու նախաձեռնությունից առաջ իշխանականները չէին բացառում անհարգելի բացակայություններ ունեցող ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարց բարձրացնելը։ Այսօր պարզվեց, այդ գաղափարից էլ չեն հրաժարվել. - «Սրան անդրադառնանք հաջորդիվ, երբ որ գա դրա ժամանակը, բայց ասեմ, որ այս հարցով ևս քննարկումները դեռևս տաք են և շարունակվում են»:
Հունիսի 1-ի դրությամբ մանդատը կորցնելու վտանգի առջև էին ընդդիմադիր 13 պատգամավորներ, նրանց մանդատներից զրկել-չզրկելու հեռանկարին իշխանությունները առաջիկայում պետք է անդրադառնան, որովհետև կիսամյակն ավարտվում է։