Զինված ուժերը հայտարարում են, որ 44-օրյա պատերազմից հետո դադարեցվել է հայաստանցի ժամկետային զինծառայողների զորակոչը Լեռնային Ղարաբաղ։ Վերջին անգամ 2020-ի ամռանն են Հայաստանից պարտադիր ժամեկտայիններ մեկնել Արցախ, շուտով ավարտվում է նրանց ծառայությունը։
Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը այսօր Երևանում զորակոչի ժամանակ ասել է, որ որոշում կա Լեռնային Ղարաբաղում անցնել միայն պայմանագրային ծառայության:
«Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել՝ Արցախում ծառայություն իրականացվում է այս պահին պայմանագրային զինծառայողներով: Մեր վերջին զորակոչը՝ 2020 թվականի ամռան զորակոչը ժամկետային հուլիսի 1-ից կզորացրվի, մինչև օգոստոսի 30-ը այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ», - նշեց Սահակյանը:
Փոխարենը, ըստ բարձրաստիճան զինվորականի, Արցախում ծառայության գրավչության համար փաթեթ է մշակվել, որ պայմանագրայինները մեկնեն ծառայության, ընդ որում, ինչպես շեշտում էր Սահակ Սահակյանը, խոսքը հիմնականում ղարաբաղցիների մասին է: «Ներդրված է փաթեթը, ըստ դրա, պայմանագրային զինծառայողները համալրում են ամբողջ Արցախի Պաշտպանության բանակի թափուր հաստիքները, հիմնականում Արցախի ռեսուրսից համալրվում են պայմանագրային զինծառայողներով: Մենք այնտեղ չունենք սահմանում, ներքին ծառայության մեջ խնդիրներ, որ չունենանք բավարար քանակի զորք», - նշեց բարձրաստիճան զինվորականը:
Բառացիորեն ժամեր առաջ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պնդմանը, թե Ադրբեջանը չի կատարում եռակողմ պայմանավորվածությունները, Բաքուն հայտարարեց, որ այդ Հայաստանն է կոպտորեն խախտում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանի տարածքից դուրս չբերելով անօրինական զինված խմբերը, ավելին դիվերսիոն նոր խմբեր է ուղարկում Ղարաբաղ։
Ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի չորրորդ կետի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվեր հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնյան ասում է՝ Արցախ նորակոչիկներ չուղարկելու նպատակը առաջնագծից ժամկետայիններին դուրս բերելն է:
«Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին ինչքան հնարավոր է առաջնագծից հանենք: Էս պահին միայն Պաշտպանության բանակում ամբողջությամբ», - ընդգծեց Սահակ Սահակյանը:
Հայաստանում ևս փորձ է արվում ժամկետայիններին առաջնագծից հեռացնել, բայց առայժմ միայն մեկ հատվածում. - «3-րդ կորպուսում խնդիրներ առաջացան մասամբ, բայց շատ փոքր թվաքանակով ժամկետայիններ ընդգրկվում են, բայց հիմնականում ժամկետայինների 90 տոկոսը 3-րդ բանակային կորպուսում չեն ընդգրկվում մարտական հերթապահության: Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դեպի դրան. ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ, անհրաժեշտության դեպքում պիտի կիրառվեն ըստ նշանակության»:
Մինչև այդ սկսած այս զորակոչից՝ առաջին անգամ բանակ մեկնող ժամկետայինները առնվազն կես տարի մարտական հերթապահության չեն կանգնի, առաջնագիծ չեն գնա:
«Հրաձգային-ուսումնական գումարտակներում, անունն արդեն ամեն ինչ ասում է՝ հրաձգային, հետո ուսումնական, էդ գումարտակներում գտնվելու են մոտավորապես հինգ ամիս, այսինքն՝ մինչև ուսումնական փուլի ավարտը: Պաշտպանության նախարարի միակ նպատակը այն է եղել, որ զինվորները ոչ լրիվությամբ պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն», - նշեց Սահակ Սահակյանը: