Աղավնո գյուղում պնդում են՝ ոչ մի պարագայում իրենց բնակավայրը չեն լքի

Լաչինի շրջանի Աղավնո գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո էլ շարունակում է պնդել, ոչ մի պարագայում բնակավայրը չեն լքելու։

Մինչ Հայաստանի վարչապետը խոսում է գյուղը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին, Գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը առաջարկում է տեղում բնակչության թիվը մեծացնել։

«Էդ մարդկանց հարցրե՞լ եք դուք՝ ուզում են լքեն, չլքեն, եթե էդ մարդիկ զոհ են տվել, էդ զոհվածներն էլ ինչ-որ ջահ են տվել, որ շարունակեք մեր գործը, որ ուզենանք էլ, հետքայլ անել չենք կարա: Այսինքն՝ առանց քննարկման արդեն հաշտվե՞լ եք էդ մտքի հետ, և ուզում եք անընդհատ բնակարան... ո՞վ ա ասել, որ մենք էդ ամեն ինչը չափում ենք 100 մետր, 200 մետր մեր տան տարածքով, մենք ամեն ինչ չափում ենք տղաների արյունով, պայքարով և այլն: Եթե զինվորական քայլեր ձեռնարկեն, էն ժամանակ բարին թող կատարվի», - ասաց Չաուշյանը:

Աղավնոյում այսօր 200-ից ավելի հայ է ապրում, նախկինի նման գործում է դպրոց ու մանկապարտեզ։

«Ասված չանի եթե այդպիսի մի բան լինի, չգիտեմ՝ մարդկանց արձագանքը ինչպիսին կլինի, որովհետև Աղավնոյին ոչ մի տեղ չի կարող փոխարինել, նույնիսկ Երևանի կենտրոնը», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Նարինե Ռասոյանը Աղավնոյում է 1997 թվականից։ Վեց երեխաներից փոքրը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո, մեծին օրեր անց պատրաստվում է ուղարկել Արցախի Զինված ուժեր՝ ծառայության։ Ասում է՝ եթե պատերազմի ընթացքում դուրս չի եկել գյուղից, հիմա առավել ևս չի պատրաստվում։

«Եթե տենց ղեկավար կա, թող մի հատ մեկը գա մեր գյուղ, մեզ ասի՝ պիտի դուրս գաք, սենց ա, գյուղի վիճակն էս վիճակն ա, մենակ հայտարարություն անելով չի, Facebook-ում գցելով, մարդկանց խառնելով, չէ, տենց չի: Մնացածին, որ Ղարաբաղից հանել են, էսօր տուն են տվե՞լ, տեղ են տվե՞լ, հալալ կեսը ժողովրդի հենա վարձով են ապրում, իրանք էլ չգիտեն իրանց վիճակը ոնց ա լինելու, ինչ ա լինելու», - նշեց Ռասոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում խոչընդոտներ է ստեղծում հենց Ադրբեջանը․ Փաշինյան

Երեկվա առցանց ասուլիսն Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Այսպիսով Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։

Ի՞նչ է լինելու բնակիչների հետ հարցից հետո նոր միայն Փաշինյանը պարզաբանում է։ Բերձոր քաղաքի բնակիչների խնդիրները Հայաստանի կառավարության որոշումներով լուծվում են և նրանք կապահովվեն բնակարաններով։ Աղավնո համայնքի պարագայում, Փաշինյանը ասաց, Արցախն է զբաղվում:

«Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն: Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետև այս պահին այդպիսի տեղեկություններ չունեմ: Սկզբունքը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական շրջանից ներս է գտնվում, թե դուրս է գտնվում», - ընդգծել է վարչապետը:

Աղավնոյի բնակիչներին զայրացրել էր նաև Փաշինյանի ձևակերպումները, որում նրանք անտարբերություն էին տեսել։

«Հայաստանը հրաժարվում ա մեզնից, ուրեմն թող Հայաստանը իրավունք չվերապահի, որ մեր մասին կարա ինքը մտածի, իսկ Արցախն էլ մեր մասին կմտածի, մենք էլ կմնանք ստեղ», - նշեց բնակիչներից մեկը:

«Դե որ ասում են՝ Լաչինում հատուցում պիտի տան, հասնում ա Լաչինին, բա ի՞նչ տարբերություն, մենք էլ ենք վերաբնակցվել, մենք էլ ենք հայաստանցի: Ինչի՞ նրանց տալիս են, մեզ չեն տալիս», - ասաց Աղավնոյի մեկ այլ բնակիչ:

Բերձորը կամ Լաչինի միջանցքը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհն է։ Բերձոր քաղաքը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա։ Տարածքը հայկական վերահսկողության տակ է անցել 1992-ի մայիսին, Շուշիի ազատագրումից մի քանի օր անց։ Շրջանի մյուս բոլոր գյուղերը՝ Բերձորից, Աղավնոյից, Սուսից բացի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցան 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։

Այս գյուղերը գտնվում են Լաչինի միջանցքի այն 5 կմ հատվածում, որը նույն հայտարարության համաձայն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, քանի դեռ չի կառուցվել նոր՝ այլընտրանքային ճանապարհ։ Այլընտրանքային ճանապարհի նախագծման համար երեք տարի էր սահմանված։ Ադրբեջանը հիմա արդեն արագացված տեմպերով Լաչինը շրջանցող 32 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցում։ Հայկական կողմը դեռ նախագծման փուլում է, երեկ տեղեկացրեց վարչապետ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել

«Հայաստանի տարածքում նույնպես ճանապարհաշինական աշխատանքներ պիտի իրականցվեն՝ նման լուծման գնալու համար: Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներն ենք սկսել, և երբ որ վերջնական ընմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, այսինքն ավելի արագ ու ավելի որակյալ ճանապարհ պիտի ունենանք լիարժեք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, այո, կգնանք նման լուծումների», - հայտարարել է վարչապետը:

Բերձոր և հարակից հատվածով են անցնում նաև Հայաստանից Արցախը սնուցող ենթակառուցվածքները՝ էլեկտրականության, գազամատակարարման ենթակառուցվածքները, հեռախոսային և համացանցային կապի մալուխները։ Նոր ճանապարհի դեպքում այդ ենթակառուցվածքների ապահովումը ինչպես է լինելու հարցին ևս վարչապետը երեկ չանդրադաձավ։ Շեշտադրումը մեկն էր՝ նոր ճանապարհը լինելու է առավել անվտանգ ու արագ։

Պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի արձագանքել վարչապետ Փաշինյանի երեկվա այս հայտարարություններին: