Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը, Աթենքում, Հունաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանը Կատերինա Սակելլարոպուլուին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։
Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում հայ-հունական համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը հուսով է, որ Բաքուն կդադարեցնի առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի