ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր կոչ է արել տարբերակել ռազմավարական և տակտիկական հաջողությունները՝ ի պատասխան CNN-ի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի դեմ պատերազմում։
«Ռազմավարական առումով Պուտինն արդեն պարտվել է, քանի որ նրա գլխավոր նպատակն է վերջ տալ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Այդ նպատակին Ռուսաստանը չի հասել և ռազմավարական առումով պարտվել է», - ասել է նա։
Միևնույն ժամանակ Բլինքենը հավելել է, թե տակտիկական առումով Ուկրաինայի արևելքում շփման գիծը փոխվում է՝ ընդգծելով, թե կարևորն այս պատերազմում Մոսկվայի ռազմավարական պարտությունն է, որն արդեն կարելի է արձանագրել։ ԱՄՆ պետքարտուղարն այս հայտարարությունն արել է Գերմանիայում, որտեղ երեկվանից ընթանում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը։
Աշխարհի խոշոր յոթ տնտեսությունների ղեկավարներին այսօր տեսակապով միացել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և կոչ արել գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի պատերազմն Ուկրաինայում մինչև այս տարվա վերջ ավարտվի. «Ձմռանն ուկրաինական զորքերի համար ավելի դժվար կլինի ռազմական գործողություններ իրականացնել՝ ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար»։
Զելենսկին կրկին կոչ է արել G7-ի երկրներին Ուկրաինային տրամադրել ծանր սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր, անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև օգնել հացահատիկի արտահանմանը և պատերազմից հետո երկրի վերականգնմանը։
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի վրա։ Ի թիվս այլ հարցերի, Զելենսկին խոսել է Ռուսաստանի կողմից արտահանվող նավթի գնի սահմանափակման մասին, ինչի վերաբերյալ ավելի վաղ խոսում էին նաև արևմտյան առաջնորդները։
Ռուսական կողմը նախորդ օրերին զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել
Ռուսաստանը հանգստյան օրերին զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Այս գիշեր հրթիռներ են ընկել Օդեսայում, երեկ՝ Կիևում, շաբաթ օրը՝ Նիկոլաևում։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր տուժել է 953 երեխա, 339 երեխա մահացել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը հրթիռակոծել են Կիևը
Զելենսկին կիրակնօրյա ուեղրձում խոսել է Կիևում նախօրեին վիրավորված աղջկա մասին՝ անունը Ժենյա է, 7 տարեկան է, գտնվում է հիվանդանոցում։ Ռուս զինվորականների կողմից բնակելի շենքի հրթիռակոծության ժամանակ վիրավորվել է նաև նրա մայրը՝ Ռուսաստանի քաղաքացի, իսկ հայրը՝ 37-ամյա տղամարդ, մահացել է։
Արդեն մի քանի շաբաթ է՝ ռուսական զորքերի հիմնական գործողությունները կենտրոնացած են Դոնբասում՝ Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի շուրջ։ Բացի այդ, ըստ բրիտանական հետախուզության տվյալների, Ռուսաստանը փորձում է ակտիվացնել գործողություններն Իզյումի շրջանում, ինչը կպահանջի նոր ուժեր։
Ռուսաստանը, բրիտանական հետախույզների տվյալներով, սկսել է տեղակայել նոր ուժեր պահեստազորայինների հաշվին, առանց համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու:
Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ կապված անվտանգության միջոցառումների առավելագույն ուժեղացման մասին։ Դմիտրի Պեսկովը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը սպառնացել էր Ռուսաստանի տարածքում ահաբեկչություններով և դիվերսիաներով։
Արևմուտքը փորձում է նոր միջոցներ ձեռնարկել՝ կանգնեցնելու ռուսական ռազմական մեքենան
Միևնույն ժամանակ, արևմտյան երկրները փորձում են նոր միջոցներ ձեռնարկել ռուսական ռազմական մեքենան կանգնեցնելու համար։
Երեկ Բավարիայում մեկնարկած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները հայտարարել են, որ կօգնեն Ուկրաինային այնքան, ինչքան անհրաժեշտ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ յոթնյակի երկրները Ուկրաինային կաջակցեն «այնքան, որքան անհրաժեշտ է»ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հիշեցրել է Ռուսաստանին դիմակայելու համար Արևմուտքի միասնության պահպանման կարևորությունը։ «Մենք պետք է միասնական մնանք», - ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը, հավելելով. - «Մոսկվան հույս ուներ, որ արևմտյան երկրները չեն կարողանա խուսափել տարաձայնություններից։ Սակայն դա չի եղել և չի լինելու»։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ G7-ի հռչակագրի նախագծում ասվում է․ աշխարհի ամենազարգացած երկրները Ուկրաինային ռազմական, հումանիտար, դիվանագիտական աջակցություն կտրամադրեն այնքան, որքան անհրաժեշտ է։
Երեկ հայտնի է դարձել նաև, որ Մեծ յոթնյակի երկրները կարող են էմբարգո հայտարարել ռուսական ոսկուն: Միայն անցած տարի ոսկու արտահանումը Ռուսաստանի տնտեսությանը բերել է ավելի քան 15 միլիարդ դոլար։
Your browser doesn’t support HTML5