Ադրբեջանը հայտարարում է բանակի թվաքանակի ավելացման մասին։ Այսօր Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ երկրի Զինված ուժերի կազմում ստեղծվել են հատուկ նշանակության օպերատիվ ստորաբաժանումներ և Պաշտպանության ազգային համալսարան։
«Այդ ստորաբաժանումների զինծառայողները նախապատրաստական դասընթացներ են անցել Թուրքիայում։ Նորամուծությունների հետևանքով ստեղծվել է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական կենտրոն», - «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հասանովը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նախագահ Ալիևը հանձնարարել է երկրի բանակը դուրս բերել նոր մակարդակի՝ «որպես մոդել ընդունելով Թուրքիայի Զինված ուժերը»։
Այսօր արդեն Ալիևը Քելբաջարի շրջանում մասնակցել է հատուկ նշանակության նոր զորամասի բացման արարողությանը։
«Վերջին մեկուկես տարում, պատերազմից հետո, մենք օր ու գիշեր աշխատել ենք մեր բանակը հզորացնելու, ավելի արդիական սպառազինությամբ այն հագեցնելու, սահմանի երկայնքով բոլոր շահեկան դիրքերը զբաղեցնելու համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը 2021-ին բանակի համար ծախսել է մոտ 2 մլրդ 670 մլն դոլար