Սկանդալային ձայնագրության հրապարակումից չորս օր անց միայն Հանրային հեռուստաընկերության եթերում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը մեկնաբանեց տեղի ունեցածը, բայց այդպես էլ չխոսեց իր հրաժարականի և մի շարք այլ առանցքային հարցերի մասին։
Հայտնի ձայնագրության մեջ Ջհանգիրյանը փորձում էր համոզել ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ՝ նրան քրեական հետապնդումից ազատելու երաշխիքների դիմաց։
Երեկ երեկոյան Ջհանգիրյանը հայտարարեց՝ ինքն այդպիսով «կուտ է տվել» Վարդազարյանին։
«Կատակ եմ անում իր հետ, ես ուղղակի նրան երաշխիքներ եմ տալիս, ինչպես դուք ասիք՝ կտեր եմ տալիս, որ ինքը հանգիստ լինի, դրանք հոգեբանական հնարքներ են: Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած, բա ես ի՞նչ գիտեմ՝ մի գործ կա, երեք կա կամ ես ո՞նց եմ կարճում կամ հարուցել տալիս այդ գործերը: Իմ լիազորություններից դուրս բաներ են», - նշել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունն ուղարկել է ՔԿՋհանգիրյանը արձագանքեց նաև ձայնագրության մեջ հնչող իր այն հայտարարությանը, թե Վարդազարյանի հրաժարականը «իր վզին դրած է». «Վզիս դրածը, կոպիտ ասած, իմ ճիտին պարտքն է»:
2021 թվականի փետրվարին արված գաղտնի ձայնագրության մեջ Ջհանգիրյանը անընդհատ երրորդ դեմքով խոսում էր ինչ-որ մեկի մասին, ումից հրահանգներ է ստանում՝ «ինքն է ասել», «ինքը արդեն որոշումը կայացրել է» և այլն։ Չնայած հարցազրույցի ժամանակ ուղիղ հարցը չհնչեց, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանից են եղել այդ հրահանգները, Ջհանգիրյանը անուղղակի հերքեց դա. - «Ես որևէ մի լիազորություն ունեցող անհատի, մարմնի անունից, նրա հետ չեմ խոսել»:
Ջհանգիրյանի հրաժարականի պահանջին միացած իրավապաշտպան Արթուր Սաքունցը անընդունելի է համարում սկանդալի կենտրոնում հայտնված ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի երեկվա ակնարկը, թե հրաժարական տալ չի պատրաստվում։
«Պետք է հրաժարական տա, վերջ, նման ձանագրություն, եթե լիներ ցանկացած դատավորի մասնակցությամբ, անպայման կարգապահական վարույթ կհարուցեինք ու նկատողություն կտային, ընդհուպ մինչև կարող է ազատեին պաշտոնից», - ընդգծեց Սաքունցը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ձայնագրության սղագրությունը ուղարկել է միջազգային կառույցներին. - «Հայաստանում դատաիրավական համակարգը վերջնականապես փլուզվեց Գագիկ Ջհանգիրյանի այդ հայտնի զրույցից հետո: Նշանակում է, որ դատական համակարգը ուղիղ քաղաքական ազդեցության ներքո է, և, հետևաբար, դա մերժելի է»:
Մինչ ընդդիմադիրներն ու քաղհասարակությունը շարունակում են պահանջել ԲԴԽ ղեկավարի հրաժարականը, դատական իշխանության անկախության մասին անընդհատ խոսող իշխանական պատգամավորները ամեն կերպ խուսափում են անդրադառնալ այս հարցին։ Մի մասը պնդում է, որ մինչև հիմա անգամ գաղտնի ձայնագրությունը չի լսել, մյուսները՝ Ջհանգիրյանի երեկվա պարզաբանումները, երրորդներն էլ հայտարարում են, թե այլ՝ առավել հրատապ հարցերով են զբաղված։
«Զբաղված եմ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթով, այդ փոփոխությունների վերաբերյալ հարցրեք պատասխանեմ», - ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Սկանդալային ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր շաբաթասկզբին՝ այդ պաշտոնում իր լիազորությունների դադարեցման հարցով խորհրդի որոշման հրապարակումից մի քանի օր առաջ։ Վարդազարյանին պաշտոնից ազատելու որոշումը երեկ հրապարակեց հենց Գագիկ Ջհանգիրյանը։
ԲԴԽ-ի տասը անդամների կեսը դատավորների կազմից են, մյուս կեսին ընտրում է Ազգային ժողովը։ Սահմանադրության համաձայն՝ կառույցում այս անգամ արդեն նախագահ կընտրեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին։
67-ամյա Ջհանգիրյանը, որին հենց խորհրդարանն էր ընտրել, ավելի քան մեկ տարի է կատարում է դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի նախագահի պարտականությունները՝ որպես ամենատարեց անդամ։