Եվրոպական 27 երկրները հաստատեցին Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների կարգավիճակը։ Սա եվրոպական դաշինքի ամենամեծ ընդլայնումն է վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Ընդ որում, Եվրամիության պատմության մեջ սա նմանատիպ ամենաարագ որոշումն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես դարձան Եվրամիության անդամակցության թեկնածուԿիևում, սակայն, չեն կարծում, թե գործընթացներն արագ են զարգացել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում է՝ այդ օրվան սպասել են 120 օր և 30 տարի։
Պահը պատմական է, Բրյուսելում երեկ հայտարարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը. - «Այսօր մենք որոշել ենք ճանաչել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը, մենք որոշել ենք թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային և պատրաստ ենք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց առաջնահերթություններն իրականացվեն։ Սա պատմական պահ է»։
Հույսի լավագույն ազդանշանը, իր հերթին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. - «Սա որոշիչ պահ է և լավ օր Եվրոպայի համար... Այս անհանգիստ ժամանակներում Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքացիների համար հույսի ավելի լավ ազդանշան չի կարող լինել»։
Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինան, տասնամյակներով ռուսական ռազմական ներկայության հարևանությամբ գոյատևող Մոլդովան, 2008 թվականին Մոսկվայի ռազմական ագրեսիայի զոհը դարձած Վրաստանը դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի ֆոնին։
Նախագահ Զելենսկիի կարծիքով՝ Ուկրաինային եվրոպական դաշինքում ընդունելու «հաղթական» որոշումը Եվրոպայի հզորացմանն ուղղված ամենամեծ քայլն է։ «Եվ հետո մենք կհաղթենք թշնամուն և կհանգստանանք։ Կամ գուցե նախ Ուկրաինան վերակառուցենք, հետո հանգստանանք։ Միգուցե հաղթենք, վերակառուցենք, մտնենք ԵՄ և հետո հանգստանանք, անպայման կհաղթենք», - վստահեցրել է Ուկրաինայի առաջնորդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայի նախագահը ստորագրել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտը«Լույս՝ թունելի վերջում», - արձագանքելով Եվրամիության որոշմանը՝ հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, համեստաբար չխոսելով այն մասին, թե Բրյուսելն ինչ կստանա Քիշնևի անդամակցությունից։
Նախկին խորհրդային այս երկիրը տարիներ շարունակ համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը: Համաշխարհային բանկի տվյալներով՝ երկրի բնակչության 41 տոկոսն ապրում է օրական 5 դոլարով։
«Մեզ համար այս կարգավիճակն առաջին հերթին հույս է, լույս թունելի վերջում՝ այս շատ դժվարին ժամանակաշրջանում», - հայտարարել է Եվրոպական միության հետ մերձեցման խոստումներով իշխանության եկած նախագահ Սանդուն:
Թեկնածուի կարգավիճակի հարցում Բրյուսելի կողմից մերժված Թբիլիսին, որին հանձնարարվել է դեռ տնային աշխատանքը կատարել, հետո միայն սպասել կարգավիճակի, անցած օրերին չէր թաքցնում իր դժգոհությունը։ Վրաստանի իշխանությունները բացահայտ քննադատում էին Եվրոպական խորհրդի որոշումը՝ պնդելով, որ եթե կա մեկ երկիր, որի համար պետք է դաշինքն իր դռները բացի, ապա դա նախ և առաջ Վրաստանն է, հետո միայն՝ Ուկրաինան և Մոլդովան։ Նման հայտարարությամբ էր հանդես եկել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարիբաշվիլի. «Մեր երկիրը ոչնչով պակաս չէ Ուկրաինայից և Մոլդովայից ու արժանի է դառնալ ԵՄ անդամի թեկնածու»Եվրամիությանն անդամակցել ցանկացող երեք հետխորհրդային երկրներին էլ Եվրահանձնաժողովը բարեփոխումների ցանկ է ներկայացրել՝ Ուկրաինային՝ 7 կետից բաղկացած, Մոլդովային՝ 9, Վրաստանից պահանջվում է 12 կետից բաղկացած տնային աշխատանք։
Անդամակցության երկար ու բարդ ճանապարհին թեկնածուները պետք է իրենց երկրները համապատասխանեցնեն այսպես կոչված «կոպենհագենյան չափանիշներին»․ սա ենթադրում է լայնածավալ քաղաքական, իրավական, տնտեսական բարեփոխումներ:
Ֆինլանդիան, օրինակ, դաշինքին անդամակցության ճանապարհն անցել է ընդամենը երեք տարում, մինչդեռ Թուրքիան բանակցությունները սկսել է 2005 թվականին, բայց անդամակցության հեռանկար այսօր էլ չի ուրվագծվում:
Տարիներ ի վեր դաշինքին անդամակցության պաշտոնական թեկնածուներ են նաև բալկանյան մի շարք պետություններ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Սերբիան, Չեռնոգորիան, որոնց առաջ ևս Բրյուսելը չի շտապում իր դռները բացել` որպես պատճառ նշելով բարեփոխումների հարցում անհրաժեշտ առաջընթացի բացակայությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում քիչ հավանական են համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը 2029-ից շուտԿիևում ընդունում են, որ Եվրամիությանն ինտեգրման իրական գործընթացը կսկսվի միայն պատերազմից հետո։ Բայց ուկրաինական իշխանությունները վստահեցնում են, որ խոսքը զուտ ամիսների, այլ ոչ թե տարիների մասին է, ինչպես պնդում են եվրոպական քաղաքական գործիչները։
1950 թվականին Եվրամիության հիմնադրման առաջին իսկ օրերից դաշինքը շարունակաբար ընդլայնվել է` առաջնորդվելով այն գաղափարով, որ ազգերի միջև տնտեսական և քաղաքական ինտեգրումը ընդհանուր բարգավաճման և խաղաղության խթանման լավագույն միջոցն է: