Գագիկ Ջհանգիրյանն ի՞նչ երեսով է նստելու այդ պաշտոնին. Ժաննա Ալեքսանյան

Դադարեցված լիազորություններով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը օրերս աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, ըստ Վարդազարյանի, իրեն համոզել է հրաժարական տալ:

Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանել է, որ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին, պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր։

«Ազատությունն» այս թեմայով զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Ժաննա Ալեքսանյան. - Բացարձակապես ինքնավստահ Ջհանգիրյանը, որ ինքը էլի բարձունքներում է, էդ ինքնավստահությամբ իր երաշխիքներն է տալիս, դե արդեն բովանդակությունը պարզ է: Շատ վատ տպավորություն, որ մենք հիմա ունենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, հաստատ էսպիսի սեղանների նա շատ-շատ է եղել, ուղղակի մենք չենք լսել մինչև հիմա, նկատի ունեմ հանրությանը: Ես նրան գիտեմ որպես վատ զինվորական դատախազ, մարդկանց անտեսող, մարդկանց գործերը կոծկող, փակող և երբ իրեն բերեցին արդարադատության գլուխ, այսպես ասած, սա աբսուրդ էր: Մի տեսակ էդպիսի մերժողական բան չեկավ, բայց մյուս կողմից մտածում ես՝ գուցե էս մարդը էստեղ փորձի... էդպես նաիվ մտքեր գալիս են երբեմն գլխովդ, բայց տեսնում ես, որ դա անհնար է, մարդը չի փոխվում: Նա ունի իր ոճն աշխատանքի, ամեն ինչ կարող է, «իմ դեմ խաղ չկա»: Ի միջի այլոց ինքը զինվորական դատախազ ժամանակ էլ ուներ այդ մոտեցումը:

Իրեն չէր կարելի նշանակել այդպիսի պաշտոնի: Նա շատ վատ կենսագրություն ունի, և քրեական գործերով ես գիտեք ինչքան եմ աշխատել Զինվորական դատախազության հետ, և շատ, այսպես ասած, տառապալից տարիներ են եղել: Հանրությանը հայտնի է Մատաղիսի գործը, ի դեմ, մինչ օրս ինքը այդ տղաներին անվանում է, որ իրենք են կատարել:

«Ազատություն». - Որոնք արդարացվել են դատարանում:

Ալեքսանյան. - Այո, արդարացվել են, միևնույն է ինքը ասում է՝ իրենք էին: Հիմա բանտերում կան զինվորական գործերով ցմահ դատապարտվածներ, որոնք անմեղ են դատապարտվել, ես դա պատասխանատվությամբ եմ հայտարարում: Եվ դրանք մի տեսակ դրել էիր մի կողմ. հեղափոխություն, դատական համակարգի բարեփոխում, լավ, եկավ էս մարդը, ինքը գուցե ուզում է իր կենսագրությունը մաքրել: Ինքը իրեն անբիծ է հայտարարում: Այդ ձայնագրության մեջ ասում է՝ «ես չեմ ուզում իմ անվան վրա բիծ հայտնվի», բայց պարզվում է, որ ինքը չի ընդունել իր մեղքերը, այն դժգոհությունները, որ իր դեմ կար և այլն ու հիմա ասում է, որ չի ուզում, այնինչ պետք է մտածեր դատական համակարգի մասին, որ բարեփոխեր:

Ասեմ, որ շատ դեպքերում ինչ-որ որոշումների ժամանակ ես լսել եմ փաստաբաններից, մյուսներից, որոնք միևնույն է՝ չէին վստահում ու հիմա արդեն բացարձակապես անվստահելի է: Ամոթ է, որ մենք ունենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ այդպիսի կենսագրությամբ և այդպիսի միջավայրում գոյատևող մարդու, Այն, ինչ-որ մենք տեսանք այդ հանդիպման ժամանակ Վարդազարյանի հետ.... Նա չի հեռանա, նա սենց բաներով չի անցել, որ հեռանա: Սրա մասին պետք է առաջին հերթին վարչապետը մտածի, որովհետև ոչ մի բարեփոխում չի կարող լինել այդ դատական համակարգում, որտեղ գլխավորելու է Բարձրագույն խորհրդում, շատ կապված են գործառույթները Արդարադատության նախարարություն, Բարձրագույն դատական խորհրդի, և մեկը մի կարծիք չի հայտնել: Այսինքն՝ ո՛չ դատավորներ, ո՛չ գիտնական-անդամները և այլն: Սարսափելի է ինձ համար այս լռությունը, և վարչապետն էլ է լուռ, մյուսներն էլ: Դուք ո՞նց կարող եք հանդուրժել, որ էդքանից հետո նա մնա, որպես ի՞նչ, դա անարգանք է, ես համարում եմ, հանրության հանդեպ:

«Ազատություն». - Իրավապահնե՞րն էլ անելիք ունեն:

Ալեքսանյան. - Ինձ համար իրավական խնդիրը զուտ երկրորդական, չորրորդական հարց է նույնիսկ, այստեղ բարոյական խնդիր կա, արժանապատվության հարց կա: Դու ի՞նչ երեսով պետք է գաս նստես այդ պաշտոնին, ես դա չեմ հասկանում: Իսկ իրավական, եթե այս լռությունը կա, պարզ չի՞ իրավականն էլ ինչ է անելու, կարո՞ղ է մի հատ դատախազությունը անսպասելի մի բան անի:

«Ազատություն». - Դե եթե բարոյականն եք ասում, քննադատության է արժանանում ձայնագրելու փաստը, որ մասնավոր հանդիպում էր, ինչպես Դատական խորհուրդն է ձևակերպել՝ հացի սեղանի շուրջ:

Ալեքսանյան. - Բան չունեմ ասելու, բայց բոլորն իրար արժեն: Ավելորդ եմ համարում անգամ Վարդազարյանի մասին խոսել, հայտնի է՝ էլի էն դատավորներից է կոռումպացված և այլն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.