Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակումը, գյուղատնտեսական և այլ ապրանքների արտահանման արգելքը «պատերազմական հանցագործություն է», հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով՝ ուկրաինական պարենի արտահանման հետ կապված ճգնաժամը կարող է սովի հանգեցնել աշխարհի տարբեր անկյուններում:
«Դուք չեք կարող սովի սպառնալիքը օգտագործել որպես պատերազմի գործիք: Ուկրաինայում միլիոնավոր տոննաներ ցորեն է արգելափակված, մինչդեռ աշխարհի բազմաթիվ մասերում մարդիկ տառապում են սովից: Սա իսկական պատերազմական հանցագործություն է», - Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանն ընդառաջ ասել է Բորելը։
Փորձագետների կարծիքով՝ ուկրաինական հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների արտահանման խափանումը դարձել է պարենի համաշխարհային գների աճի պատճառներից մեկը։ ՄԱԿ-ը որոշ երկրներում, հատկապես՝ Աֆրիկայում, որտեղ մեծապես կախված են ուկրաինական հացահատիկի ներկրումից, սովի վտանգ է կանխատեսում։
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով նավերի անվտանգ անցում ապահովել ուկրաինական հացահատիկը ծովով արտահանելու համար, սակայն համապատասխան ջրային տարածքը պետք է մաքրվի ականներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով պարենի մատակարարման խափանումը կդառնա 11-19 միլիոն մարդկանց սովամահության պատճառ