Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ Բաքուն հաղորդել էր, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը «հայկական կողմը Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից ընդմիջումներով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Լաչինի (Քաշաթաղի շրջան) և Քելբաջարի շրջանի (Քարվաճառի շրջան) ադրբեջանական դիրքերի վրա»։
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար նման հաղորդագրություններ է տարածում, որոնք հայկական կողմը հերքում է: