Այսօր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում 20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի հոգեհանգիստն է, շաբաթ երեկոյան է նա զոհվել՝ Վարդենիսի սահմանին։
«Մեզ մոտ են ապրում, ավագ որդին էր՝ 2002 թիվ, մոտավորապես ծառայության մի տարին նոր պիտի լրանար։ Երկու փոքր եղբայր ունի, ընտանիքը՝ նորմալ աշխատող, ստեղծող գյուղի ընթանիք։ Միայն լավ բաներ կարող եմ ասել», - «Ազատությանը» փոխանցեց Բյուրականի համայնքապետ Սպարտակ Ռուստամյանը։
Համայնքապետն ասում է՝ մահացու վիրավորումը զինծառայողը կրծքավանդակի շրջանում է ստացել, հիվանդանոց չի հասել, մահացել է ճանապարհին։ «Հիմիկվա տվյալներով՝ ականի բեկոր է սիրտը մտել, ինչ-որ պայթյուն է եղել, կոնկրետ չենք էլ իմանում, թե ինչ զենքի, ականի բեկորն է հենց իրեն խփել», - ասաց Սպարտակ Ռուստամյանը։
Զինծառայողի մահվանից երկու օր է անցել, Պաշտպանության նախարարությունը միայն հաստատել է լուրը, որ՝ այո՛, զինվոր է զոհվել, ինչի՞ց, ինչպե՞ս՝ ի՞նչ հանգամանքներում, որևէ տեղեկություն նախարարությունը չի տրամադրում։
Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը դեպքից ժամեր անց հայտարարեց՝ զինծառայողը հակառակորդի կրակոցից է զոհվել։ «Իմ իմացած տեղեկություններով՝ թշնամու կրակոցից է զոհվել։ Թշնամին դիրքերի վրա կրակել է՝ փոքր տրամաչափի զենքերից», - ասաց Շահնազարյանը։
Շաբաթ օրն ու հունիսի 18-ի գիշերը սահմանի այս հատվածում փոխհրաձգություն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի զինվորների միջև, Վարդենիսի համայնքապետի մամլո քարտուղար Էդգար Պետրոսյանն էլ է ասում, գիտեն այն, որ զինծառայողը փոխհրաձգության հետևանքնով է զոհվել։
«Վերին Շորժայի հատվածում թեթև զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել, հետո ունեցել ենք զոհ, շրջանառվում է, որ էդ կրակոցից է եղել», - ասաց Էդգար Պետրոսյանը։
Հրաչ Փիլիպոսյանը Ճամբարակի զորամասում էր ծառայում, մարտական հերթափոխի է եղել Վերին Շորժայի սահմանին։ Այս գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասում է՝ իրականում տեղանքը, որտեղ այդ մահացու դեպքն է եղել, բնակավայրից հեռու է։ «Վարչական տարածքի հակառակ ուղղությամբ է եղել՝ Ալագյոլար են ասում, դեպի Ջերմուկ գնացող ճանապահին», - ասաց Երանոսյանը։
Զինծառայողի զոհվելու հենց նախորդ օրը սահմանի այս հատվածում էր եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարը հետևել է ինժեներական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։
20-ամյա զինվորի մահվան հանգամանքների մասին մինչև այժմ լռում են՝ թե՛ Պաշտպանության նախարարությունը, թե՛ Քննչական կոմիտեն։