Ֆրանսիայում այսօր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է

Ֆրանսիայում այսօր կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Փորձագետների և լրատվամիջոցների ուշադրությունը բևեռված է այն հարցի վրա, թե արդյոք նախագահ Էմանյուել Մակրոնի կոալիցիան կկարողանա պահպանել մեծամասնությունը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում։

Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին փուլում Մակրոնի իշխող «Միասին» դաշինքը և ձախակողմյան ուժերի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» կոալիցիան՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, գրեթե նույն արդյունքն են գրանցել՝ հավաքելով ձայների համապատասխանաբար 25,7 և 25,6 տոկոսը։

577 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 289 մանդատ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առաջին փուլում ընտրական ցուցակներում գրանցված ֆրանսիացիների 52,5 տոկոսը չի գնացել ընտրատեղամասեր։