Պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմը. Վարդևանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում:

Հանրահավաքին ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով, անդրադառնալով պետաիրավական համակարգին, հայտարարեց. «Առաջին թեզը, որ մենք պատկերացնում ու հավատում ենք, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, անվախ ու արդար, միայն այս երեք բաղադրիչներով մենք կունենանք մեր պատկերացրած դատական համակարգը: Քննչական մարմինների վերաբերյալ. պետք է ապահովվի, որ իրանք լինեն գործադիրից անկախ, որ գործեր չկարեն պատվերով, այլ լինեն արդար: Դատախազների վերաբերյալ. պատկերացնում ենք, որ պետք է լինեն ապաքաղաքական՝ սկսած գլխավոր դատախազից»:

Ամենակարևորն, ըստ ընդդիմադիր պատգամավորի` այն է, որ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմը. - «Չի կարող անկիրթ, անկենսագրություն մարդը էս երկրի պատասխանատվությունն ունենա»:

«Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել, խաղաղ ցուցարարին, անչափահասին, մեր ապագա զինվորին, հայ մորը, ով զինվոր ա ծնվում, իրանց ծեծողներին չի կարելի դուրս չշպրտել ոստիկանության համակարգից», - հայտարարեց Վարդևանյանը:

Վարչապետի հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմությունը շաբաթասկզբին բացեց Ֆրանսիայի հրապարակը, որը փակ էր մոտ 1,5 ամիս: Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելուց հետո ընդդիմությունը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը շարունակում է մնալ իրենց գլխավոր օրակարգը, որի ճանապարհին կիրառելու են նաև նոր գործիք՝ իմպիչմենտի նախաձեռնություն։