Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են, երեկ Վաշինգտոնում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ։
Գրիգորյանը կիսվել է Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններով՝ ներկայացնելով նաև արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսևորումները։
Պետքարտուղարի փոխտեղակալը նաև հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։
Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է նաև ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։ Կողմերը նախանշել են համագործակցության կոնկրետ ուղղություններ։
Հանդիպում Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների հետ
Քիրիստիննե Գրիգորյանը երեկ ԱՄՆ Կապիտոլիումի շենքում հանդիպում-քննարկում է ունեցել նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների հետ, որին ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։
Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը՝ շետելով, որ դա Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։
Կոնգրեսականները խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդեց ընդամենը մեկ հայ գերու վերադարձ. Սիրանուշ Սահակյան