Մոնումենտի հսկայական առանձնատունը սեփականատերը ձեռք է բերել ընդամենը 0 դրամով։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը թեև պարտավորվել է ավելի քան երկու միլիոն դոլար վճարել, սակայն մինչ օրս նախկին սեփականատիրոջը ոչ մի լումա չի փոխանցել։
Արդեն 4 տարի է՝ իրավապահները քննում են, թե խարդախության ինչ մեխանիզմներով են Գասպարյանները այդ հսկայական տան տեր դարձել։ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձեռքի տակ ունենալով հետաքննող լրագրողների ծավալուն հետաքննությունը, անցած 4 տարում դեռ չի պարզել՝ արդյո՞ք Գասպարյանն ու զոքանչը խարդախությամբ են ձեռք բերել շուրջ 900 քառակուսի մետր մակերեսով եռահարկ առանձնատունը։ 2018-ին հարուցված քրեական գործում անգամ կասկածյալ չկա։ Տան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը առայժմ միայն տուժող է ճանաչվել և երկու տարի առաջ մեկ անգամ առերեսվել նախկին ոստիկանապետի հետ։
«Երևի ցանկությունն է ամենակարևորը, որ պակասում է, թե չէ ստեղ ոչ մի բան չկա... Չգիտեմ որ իշխանությունը, ամեն դեպքում այսօր այդ վիճակն է, որ գործը չեն բացահայտում, մարդը պատասխանատվության չի ենթարկվում», - ասաց նա։
Խճճված այս պատմության մեջ անպատասխան հարցերը շատ են։ Հստակ է, որ նախկին սեփականատերը 8 տարի առաջ նոտարով վաճառել է տունը Հեղուշ Գալստյանին՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին։ Առուվաճառքի պայմանագրով վերջինս պարտավորվել է 900 միլիոն դրամ փոխանցել վաճառողի բանկային հաշվին։ Ժամանակն անցել է, բայց փողը չի փոխանցվել։
«Ինքը գնող է, ես՝ վաճառող, ինքն ասում է՝ ես քո փողը կտամ որոշ ժամանակ հետո, ես իրեն վաճառում եմ պայմանով, որ ինքը պիտի վերադարձնի այդ գումարը, և ինքն իր ասածի տեր չի կանգնում», - նշում է Դանիելյանը։
Տունը կորցնելուն զուգահեռ գործարարը նաև խոշոր պարտքերի տակ է ընկել. մինչ այդ բանկից մեկուկես միլիոն դոլարից ավելի վարկ էր վերցրել՝ գրավ դնելով առանձնատունը։ Հույս ուներ գույքը վաճառել, վարկերը փակել. «Ես 3-4 ամիս վճարել եմ, քանի որ ինձ Գասպարյանը խոստացել էր, այսինքն՝ 3-4 ամիս հետո քո գումարը կտամ, բանկի վճարած գումարները կհաշվարկենք, 4 ամիս տեսա, որ գումար չի տալիս, դադարեցրեցի վարկի մարումը։ Ասում էր՝ 3 ամսում կտամ, հետո էլ ասաց՝ ես քեզ բան չունեմ տալու», - պատմում է Աղասի Դանիելյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախկին ոստիկանապետը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված 2 միլիարդ դրամ օրինականացնելու համարԻ վերջո, երբ գործարարն այլևս ի վիճակի չի եղել վարկի տոկոսները մարել, առանձնատունը դրվել է հարկադիր աճուրդի։ Զարմանալի զուգադիպությամբ այն գնել է Գասպարյանի գործընկեր, ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Էմիլ Զուլոյանը: Ընդ որում, շուկայում երեք միլիոն դոլար գնահատվող տունն ի վերջո վաճառվել է երկու հարյուր հազար դոլարով։ Որոշ ժամանակ անց արդեն Զուլոյանը առանձնատունը նվիրել է ոստիկանապետի որդուն՝ կրտսեր Վլադիմիր Գասպարյանին։
«Նախապես կանխամտածված գործողություններ են եղել՝ աճուրդի են դրել 900 մլն դրամով, չի վաճառվել, հաջորդ օրը 800, հաջորդ օրը 700, և թողել են այնքան, որ դառնա 100 միլիոն դրամ, Էմիլ Զուլոյանն անընդհատ մասնակցել է ու 100 միլիոնի ժամանակ եկել, գնել է։ Սա նվիրատվության պայմանագիրն է, որ Զուլոյանը գնել է և նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն, քանի որ նա անչափահաս է, Վլադիմիր Գասպարյանն ու կինն իրենք են ստորագրել արդեն։ Մենակ սա չի, այնքան փաստեր ունենք», - ասում է նա։
4 տարվա քննության նյութ չէր. լրագրող
2014-ից սկսված պատմությունը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել միայն հետաքննող լրագրողների հրապարակումներից հետո. 2018-ին՝ նոր իշխանությունների օրոք քրեական գործ է հարուցվել՝ խարդախության հոդվածով։ Իրավապահները արդեն չորս տարի է՝ որևէ եզրահանգման չեն եկել, լրագրող Տիրայր Մուրադյանից, սակայն, ընդամենը մեկ ամիս է պահանջվել խճճված այս կծիկը քանդելու համար։
«Իրավապահները զուտ կադաստրայինն գործը ուսումնասիրեին այս սեփականության այս առանձնատան, այդպես կտեսնեին այդ շղթան, և սա, չգիտեմ, 4 տարվա քննության նյութ չէր», - նկատում է լրագրողը։
Եվ այսպես, Երևանի Փափազյան 2/5 հասցեի ավելի քան 2800 քառակուսի մետր մակերեսով հողակտորը, որի 900 քառակուսին եռահարկ առանձնատունն է, դեռ 2012-ին գործարար Ալբերտ Երիցյանի կնոջինն էր, 2013-ին` Երիցյանի ընկեր Աղասի Դանիելյանինը, 2014-ին` Վլադիմիր Գասպարյանի զոքանչինը, իսկ 2015-ին՝ ոստիկանության գնդապետ, Գասպարյանի կնոջ ազգական Էմիլ Զուլոյանինը, հետո արդեն՝ Վլադիմիր Գասպարյանի որդունը։
Հետաքննող լրագրողը վստահ է, որ այս դեպքում կազմակերպված մեխանիզմ է գործել. «Այսինքն՝ եթե Հեղուշ Գալստյանը չվճարեր, սնանկացման գնար, կորցներ, գույքը լրիվ այլ մարդ ձեռք բերեր, ինչ-որ տրամաբանություն կարող էր լինել, ասեին, որ գիտես՝ ինչ կա, վճարունակ չեն եղել, չեն կարողացել այդ գումարները բանկին վճարել, և գույքն անցել է այլ անձի։ Բայց եթե վերջնարդյունքում գույքը փաստացի վերադարձել է Վլադիմիր Գասպարյանի ընտանիքին, դա արդեն հուշում է, որ սա նախապես ծրագրված սխեմա է եղել»։
Գույքի ձեռքբերման գործընթացը եղել է օրինական. փաստաբան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքըՎլադիմիր Գասպարյանին հեղափոխությունից հետո մեղադրանք է առաջադրվել վեց հոդվածներով ՝ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան երկու միլիարդ դրամը օրինականացնելու, լիազորությունները չարաշահելու, օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք՝ թանկարժեք տներ, մեքենաներ ձեռք բերելու համար։ Առայժմ դատարան են հասել երկուսը՝ մեկն առնչվում է ռազմական ոստիկանության պետի պաշտոնում տեղի ունեցած չարաշահումներին, մյուսը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։
Գասպարյանները պետք է ապացուցեն, որ Մոնումենտի, նաև Սևանի առառանձնատները, ավտոմեքենաներն ու թանկարժեք մյուս գույքը ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Նախկին ոստիկանապետը հերքում է մեղադրանքները։ Նրա փաստաբան Վարազդատ Ասատրյանը պնդում է՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում. «Ընդամենը մի նպատակ են հետապնդում, չգիտեմ, օրինակ՝ այս գործընթացներով հանրային ուշադրություն կամ որոշակի ճնշում գործադրելով իրենց համար հասնել որոշակի ցանկալի արդյունքի, բայս ասում եմ՝ իմ վստահորդն այդ սուբյեկտի հետ որևէ առնչություն չունի, գույքի ձեռքբերման գործընթացը եղել է օրինական»։
Գասպարյանի փաստաբանը պնդում է, թե նախկին ոստիկանապետը իրավական կապ չի ունեցել զոքանչի կողմից կնքված առուվաճառքի պայմանագրի հետ։ Անորոշ է, սակայն, թե ինչ զուգադիպությամբ է ի վերջո հարկադիր աճուրդի հանված տունը տասնապատիկ էժան վաճառվել, կամ ինչի դիմաց է նախկին ոստիկանապետի ընկերը այդ շքեղ գույքը նրա որդուն նվիրաբերել։
«Փաստացի ձեռք է բերվել իր ընկերոջ կողմից՝ Ռուբիկ Շինանյանի, փաստացի ֆինանսավորել է Էմիլ Զուլոյանին, որպեսզի վերջինս աճուրդի մասնակցի և «Ամերիաբանկից» ձեռք բերի այդ գույքը, այդպես էլ կատարվել է, այնուհետև որոշում է կայացվել պարոն Շինանյանի կողմից, որքանով տեղյակ եմ, որպեսզի այդ գույքը նվիրեն Վլադիմիր Գասպարյանի որդուն», - մանրամասնում է փաստաբանը։
Արդեն ութ տարի է՝ Աղասի Դանիելյանը դատարանից դատարան է անցնում. մեկ շաբաթ առաջ վճռաբեկն է վարույթ է ընդունել նրա հայցը՝ քննելու՝ արդյո՞ք առուվաճառքի պայմանագիրը օրինական է եղել, թե ոչ։ Նիստի օր դեռ նշանակված չէ։