Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը


ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքին պատկանող առանձնատունը Երևանում։
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքին պատկանող առանձնատունը Երևանում։

Նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահումից մինչև միլիոնների յուրացում։ Մինչ օրս, սակայն, դրանցից որևէ մեկով գործը դատարան չի մտել։

Գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ անգամ չի հաստատում Վլադիմիր Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեի առաջադրած մեղադրանքը։

Նախկին ոստիկանապետը քննիչների ուշադրության կենտրոնում է արդեն չորս տարի՝ 2018-ի հեղափոխությունից հետո։ Այս ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահումից մինչև միլիոնների յուրացում։ Մինչ օրս, սակայն, դրանցից որևէ մեկով գործը դատարան չի մտել։

Օրեր առաջ գլխավոր դատախազությունը կրկին մեղադրականը հաստատելու փոխարեն գործը հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ նոր քննության։

«Եթե դատախազությունը գործը չի տանում դատարան, հնարավոր է, որ վստահ չէ, որ էդ գործում եղած փաստերը, ապացույցները կամ այնպիսի ապացույցներ են, որոնք վստահ ինքը կարող է պնդել և դատական ակտ ստանալ ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Ենթադրում եմ ուղղակի, որ քննչական մարմինները գուցե լավ նախաքննություն չեն արել», - «Ազատության» հետ զրույցում ասաց հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը։

Փաստացի, ըստ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները այդպես էլ չեն գտել անհերքելի ապացույցներ և պետք է հավելյալ աշխատեն։ Ընդ որում, այս հանձնարարությունը դատախազությունը արդեն երկրորդ անգամ է տալիս․ հունվարին ևս գործը դատարան ուղարկելու փոխարեն վերադարձվել էր լրացուցիչ քննության։

Ինչո՞ւ է չորս ամիս անց Հակակոռուպցիոնը կրկին նույն գնահատականը ստացել․ քննիչնե՞րն են թերանում, թե՞ դատախազությունն է անհիմն պահանջներ ներկայացնում։ Պատճառը երկու կառույցների միջև հնարավոր հակասություննե՞րն են, թե՞ Գասպարյանի նախկին կապերը, հստակ չէ։

Տարիներ շարունակ Գասպարյանի աշխատանքին հետևող հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը, սակայն, վստահ է՝ փաստերի պակաս պետք է որ չլիներ «կոնկրետ էս դեպքում պարոն Գասպարյանի առանձնատան պատմության, իսկ դղյակների մասով՝ առավել ևս». - «Եվ եթե նայենք էն ժամանակահատվածը, որը որ քննչական մարմինները ունեցել են իրենց տրամադրության տակ, և արդյունքները, կարելի է ընդամենը երկու ենթադրություն անել. մեկը՝ քննիչները մասնագիտական առումով չունեն բավարար գիտելիքներ, որ բացահայտեին էդ գործերը, և երկրորդը, որը ավելի հավանական եմ համարում՝ որ քաղաքական ինչ-որ պայմանավորվածություններ կան»։

63-ամյա Գասպարյանը իրավապահ համակարգում տասնութ տարի բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո հրաժարական տվեց 2018-ին՝ հայտնվելով ամբաստանյալի աթոռին։ Նախկին ոստիկանապետին մեղադրում են հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան երկու միլիարդ դրամը օրինականացնելու, լիազորությունները չարաշահելու, օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք՝ թանկարժեք տներ, մեքենաներ ձեռք բերելու համար։

Նախկին ոստիկանապետը, մինչդեռ, տարիներ շարունակ, հայտարարագրերում նշել է, թե ինքն ու մերձավորներն ապրել են աշխատավարձով, նաև տարբեր տարիներին ստացված ավելի քան 20 հազար դոլար նվիրատվությամբ, 58 միլիոն դրամի ՝ բնամթերքով տրված ժառանգությամբ։ Ավելին, ոստիկանապետի պաշտոնը ստանձնելու տարում՝ 2011-ին, ողջ կյանքում պետական աշխատավարձ ստացած Գասպարյանը 66 միլիոն դրամով՝ գնել է «Մերսեդես Բենց» մակնիշի երկու ավտոմեքենա։ Իսկ 2018-ին, երբ մամուլն ակտիվորեն գրում էր նրա դղյակների ու թանկարժեք գույքի մասին, Գասպարյանը հայտարարագրել է միայն մեկ՝ VAZ 21013 մակնիշի ավտոմեքենա։

Այս հայտարարագրերին զուգահեռ Գասպարյանը հայտարարում էր, թե անզիջում պայքար է մղում կոռուպցիայի դեմ. - «Կոռուպցիան էս համակարգում կոչնչացնեմ հիմնովին»։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս խորհրդարանում հայտարարել էր. - «Տարվա ավարտին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ... Այս պահի դրությամբ արդեն իսկ դատարան են ներկայացվել վեց հայցեր, որոնցով այս ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող դրամական արժեքի վերածելու պարագայում կարող եմ ասել, որ հայցագինը կազմում է շուրջ 40 միլիարդ դրամ»։

Գլխավոր դատախազ ներկայացրած այս վիճակագրությունը, սակայն, դեռ պետք է ապացուցվի դատարաններում։ Փաստացի, մինչ օրս չկա ուժի մեջ մտած գեթ մեկ վճիռ, որով ապօրինի հարստանալու, պետական փողերն ու գույք յուրացնելու համար մեղավոր ճանաչվեր գոնե մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Արձագանքելով դանդաղաշարժության մասին քննադատություններին՝ Գլխավոր դատախազն այս ամսվա սկզբին կառավարության նիստում պնդել էր՝ խնդիրներ կան. - «Բարդությունների մեծ մասը հրապարակային չեմ ուզի ասել՝ հասկանալի պատճառներով»։

Թե որոնք են այդ բարդությունները և ինչու աշխատակազմն ավելացնելով էլ հնարավոր չի լինում ցանկալի արդյունքներին հասնել, Դավթյանը չէր հստակեցրել։

Այս ֆոնին վերջերս Կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից ավելի քան 4 մլրդ դրամ՝ մոտ 8 մլն դոլար հատկացնել Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Որոշումն ընդունվել էր անցած մարտին՝ չզեկուցվող հարցերի շարքում։

XS
SM
MD
LG