Այսօր Բրյուսելում հանդիպում է Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակապով հանդիպման ժամանակ, 23-ը մայիսի, 2022թ.

Այսօր Բրյուսելում հանդիպում կանցկացնի Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը, որին կմասնակցեն մոտ հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Նիստը վարելու է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Օսթինը նշել է, որ հանդիպման առանցքում կլինեն Ուկրաինայի հրատապ պահանջները։ «Դոնբասում դաժան հրետանային մարտեր են: Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք օրական 150-ից 200 զինվոր են կորցնում մարտերում», - հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Օսթինը համակարգում է գործողությունները կոնտակտային խմբի հետ անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա Ուկրաինա հասցնելու համար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ երկիրը չունի բավարար ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգեր, և դրանց մատակարարումների հետաձգումը թանկ կարժենա Ուկրաինային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ուժերը դուրս են մղվել Սևերոդոնեցկի կենտրոնից