Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնված է և արդեն շահագործվում է. քաղաքապետարան

Շինարարական աշխատանքները Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում, 24-ը մայիսի, 2022թ.

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և երեկ արդեն հանձնված է շահագործման, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Երթևեկությունը ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ (Մարզահամերգային համալիր) և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով», - ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում երկուշաբթի ուշ երեկոյան տեղադրված հաղորդագրությունում:

Քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ «այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով»:

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզումը տեղի էր ունեցել մայիսի 20-ին, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակվել էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փլուզման պատճառով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին կվերաբացվի երկու շաբաթից