Այս տարի Ռուսաստանից կարող է հեռանալ միլիոն դոլար ունեցող ավելի քան 15 հազար մարդ

Ռուսաստան - «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը թռիչք է կատարում Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից, արխիվ

Ավելի քան 15 հազար քաղաքացիներ, որոնց անձնական կարողությունը մեկ միլիոն դոլար է կամ գերազանցում է այդ գումարը, կարող են այս տարվա ընթացքում հեռանալ Ռուսաստանից: Այդ մասին այսօր հայտնել է համաշխարհային տնտեսական միգրացիայի հարցերը լուսաբանող Henley&Partners վերլուծական կենտրոնը:

«Ռուսաստանը միլիոնատերեր է կորցնում, ունևոր մարդիկ հետզհետե ավելի հաճախ են արտագաղթում վերջին տասնամյակում: Դա երկրի առաջ ծառացած խնդիրների մասին վաղ նախազգուշացում է: Խոշոր երկրների փլուզմանը միշտ նախորդում է հարուստ մարդկանց արտագաղթը, նրանք հաճախ առաջինն են մեկնում, քանի որ ունեն դրա հնարավորությունը», - ասել է վերլուծաբան Էնդրյու Էմոյլսը:

Henley&Partners-ը նշում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան այսօրվա դրությամբ քիչ հարմար են ռուսաստանցիների համար, որոնց ֆինանսական միջոցների վերաբերյալ այդ երկրներում կարող են ծագել որոշակի իրավական հարցեր:

Այսօր, ըստ Henley&Partners-ի, ունևոր ռուսների համար արտագաղթի առումով ամենագրավիչ երկիրը հավանաբար Արաբական Միացյալ Էմիրություններն է:

Ռուսական միգրացիայի մյուս հավանական ուղղություններն են Ավստրալիան, Սինգապուրը, Իսրայելը, Մալթան, Մոնակոն և Մավրիկիոսը:

Ուկրաինան, Henley&Partners-ի վերլուծաբանների գնահատմամբ, մինչև տարեվերջ կարող է լքել մոտ 2 հազար 800 դոլարային միլիոնատեր, ինչը միլիոն և ավելի գումար ունեցող քաղաքացիների 42 տոկոսն է: