Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ուկրաինայից ծովային ճանապարհով հացահատիկ է առաքվել ԵՄ տարածք

Արխիվ

Հունիսի 13-ի առավոտյան 18 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը հասել է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող նավահանգիստ: Երթուղին անցնում էր Բալթիկ ծովով։ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր սա հացահատիկի առաջին առաքումն է, որը ծովային ճանապարհով հասել է Եվրամիության երկիր, այս մասին հայտնում է CNN-ը։

Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դմիտրո Սենիկը նախօրեին Reuters-ին ասել է, որ Կիևը նոր երթուղի է մշակում՝ Ռումինիայի, Լեհաստանի և բալթյան երկրների տարածքով 22 միլիոն տոննա հացահատիկն արտահանելու համար։

Ուկրաինան հացահատիկ արտահանող չորրորդ երկիրն է աշխարհում, պատերազմի պատճառով արգելափակված են Ուկրաինայի նավահանգիստների մեծ մասը։ Անցած օրերին Թուրքիան պատրաստակամություն է հայտնել օգնելու Ուկրաինային նավահանգիստների ապաշրջափակման հարցում, սակայն ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ծովային միջանցքը Օդեսայի վրա հարձակվելու համար, եթե նավահանգիստների մուտքը ականազերծվի։