Amnesty International-ը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեջ

Ուկրաինա - Ռմբակոծությունների հետևանքները Խարկովի շրջանում, արխիվ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Խարկովում իրավիճակի վերաբերյալ նոր զեկույցում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել քաղաքի ռմբակոծության ժամանակ կասետային զինամթերքի կիրառման հետևանքով։ Amnesty-ն պնդում է, որ անհերքելի ապացույցներ ունի ռուսական բանակի կողմից կասետային ռումբերի և հակահետևակային ականների բազմակի օգտագործման մասին, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:

Մոսկվան ավելի վաղ հերքել է արգելված զինամթերքի օգտագործումը ռուսական կողմից։

Իրավապաշտպաններն ասում են, որ Խարկովի բնակելի թաղամասերը հրետակոծվել և ռմբակոծվել են պատերազմի առաջին իսկ օրից, և երկու ամսվա շարունակական հարվածների ընթացքում 1,5 միլիոնանոց քաղաքին հսկայական վնաս է հասցվել։